Սեպտեմբերի 10-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնց մեծ մասը՝ չզեկուցվող։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը մի շարք նախագծեր է ներկայացրել փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ առաջարկվում է Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղուց մինչև Տիչինայի փողոցն ընկած չանվանակոչված փողոցն անվանակոչել հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի անվամբ։
Նաև առաջարկվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Պետրոսյան փողոցին հարող չանվանակոչված փողոցը, որն ամբողջությամբ ընդգրկում է Դավթաշեն 2-րդ թաղամասը, անվանակոչել հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվամբ։
Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում՝ հ.91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև ) անվանափոխել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։
Մեկ այլ նախագծով «Մայր Հայաստանն» առաջարկում է «Երևանի հ․ 156 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, ԽՍՀՄ և ՀՀ գրողների միության անդամ Զորայր Խալափյանի անվամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը