31 05 2023

Վահագն Խաչատուրյանը հայտարարեց Փաշինյանի հանցակիցը դառնալու մասին․ վերլուծական

Վահագն Խաչատուրյանը հայտարարեց Փաշինյանի հանցակիցը դառնալու մասին․ վերլուծական

7or.am-ը գրում է․ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն այսօր որոշեց պաշտոնապես դառնալ Նիկոլ Փաշինյանի հանցակիցը: Սկզբունքորեն, Հայաստանի Հանրապետության այս պահի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահ, ենթակա են անհապաղ ձերբակալման՝ պետական դավաճանության մեղադրանքով ու այն հիմքով, որ ոտնահարել են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Իսկ հիշատակված մյուսները գործնականում կրկնել են նրա ասածները կամ համաձայնել են:

Վահագն Խաչատուրյանն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին ասել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր: Հարցն այս պարագայում այն է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է՝ ներառյալ Արցախը: Իսկ Վահագն Խաչատուրյանը նրան, փաստորեն, խրախուսում է: Եվ պարզապես հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանն ըստ Տեր-Պետրոսյանի բնորոշման (բավականին դիպուկ, պետք է ասել) «ազգակործան պատուհաս» է, ապա ո՞վ է Վահագն Խաչատուրյանը նույն համատեքստում: Միգուցե «ազգակործան պատուհասի» նախագահական տիկնի՞կ...

Ի՞նչ պիտի աներ Վահագն Խաչատուրյանը, եթե գոնե մի քիչ նախագահ լիներ: Նա պետք է Նիկոլ Փաշինյանին հայտներ, որ վերջինս անհապաղ կալանավորվում է՝ որպես սահմանադրական օրինազանցություն կատարած մեկը: Բայց Վահագն Խաչատուրյանը գերադասեց մնալ ընդամենը Փաշինյանի կամակատար ու տիկնիկ: Հիմա էլ, փաստորեն, դարձավ հանցակից:

Ըստ այնմ հիմա Հայաստանում հիմնական խնդիրն այն է, որ հանցավոր, օրինազանց, հակահայ և բացահայտորեն թշնամական Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն սպասարկող անձինք հեռացվեն իշխանությունից, կալանավորվեն և ըստ արժանվույն ենթարկվեն պատասխանատվության:

Սրանք բոլորը վաղուց արդեն օրենքից դուրս են:

Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր դետալ: Նիկոլ Փաշինյանը, այս էլ որերորդ անգամ, առիթը չի կորցնում հրապարակային ինչ–ինչ հայտարարություններ անելու և այնպես, իբր, ի միջի այլոց, հայտարարելու այն մասին, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

Ինչո՞ւ է նա նման հայտարարություն անում մի իրավիճակում, երբ կարծես խորապես բոլորը թքած ունեն ամեն ինչի վրա: Ըստ երևույթին Փաշինյանը, շարունակելով ապրել վախերի մեջ, հիշում է, թե ինչ կատարվեց անցյալ տարի, երբ հայտարարեց, թե ստորագրում է: Մարդիկ լցվեցին փողոցներ, ըստ որում՝ հախուռն, ինքնաբուխ ու բավականին արագ:

Մի տեսակ քիչ հավանական է թվում, թե կարող է նման բան կրկնվել, բայց, ինչպես ասում են՝ երկու վախը մի մահ է: Հիմա նախապես ասում է, թե ստորագրում չի նախատեսվում:

Չնայած, ստախոսի ասելը ո՞րն է: Այսօր մի բան է ասում, վաղը կասի՝ երբեք նման բան չեմ ասել: Իսկ երբ ասածը հանեն ու «աչքը խոթեն», կասի՝ մոնտաժել են, սխալ են հասկացել, այն ժամանակ այդպես է իմացել...

Ի՞նչ է, այդպիսի՞ ստեր է ասել ու մարսել ու մարսում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ