Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զոտովի կենտրոն կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը մայրաքաղաքի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է «հեռահար ճշգրիտ զենքով»:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ խստորեն դատապարտում է մայիսի 30-ի վաղ առավոտյան Մոսկվայում և Մոսկվայի մարզում «Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների փորձերը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Նման հարձակումները թեև ռազմական տեսանկյունից անիմաստ են, բայց, կարծես, ուղղված են բացառապես քաղաքացիական անձանց դեմ՝ նպատակ ունենալով խուճապ տարածել խաղաղ բնակչության շրջանում», - նշվում է հայտարարությունում։
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ «Կիևի վարչակարգին Արևմուտքի աջակցությունը մղում է Ուկրաինայի ղեկավարությանը ավելի անխոհեմ հանցավոր գործողությունների»:
«ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հավաստիացումները, որ Կիևի վարչակարգը հարվածներ չի հասցնի Ռուսաստանի տարածքի խորքերին, ինչպես պարզվում է, ամբողջովին կեղծ են։ Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում ամենախիստ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Կիևի վարչակարգի ահաբեկչական հարձակումների», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ըստ France24-ի՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևն ուղղակիորեն ոչ մի կապ չունի ԱԹՍ-ներով հարձակման հետ, սակայն «բավարարված է՝ տեսնելով այդ հարձակումները և կանխատեսելով դրանց թվի ավելացումը»:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակումներն իրականացվել են ինքնաթիռի տիպի 8 անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դրանցից 3-ը ոչնչացվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, կորցրել են վերահսկողությունը և շեղվել նախանշված թիրախներից, իսկ 5-ը խոցվել են «Պանցիր-Ս» զենիթային հրթիռահրանոթային համալիրով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով թեթև վնասվել են մի քանի շենքեր:
Այս փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը