Այսօր, մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառումը:
«Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Հանձնվելու օրակարգը մեր ժողովրդի օրակարգը չէ, հետևաբար, հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, և ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվելու է այս իշխանությունների կողմից, որով Ացախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, և մեր ժողովուրդը դա չի ընդունելու։
Ջրբաժանը հստակ է․ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչուր թիզ սուրբ է և պատրաստ են անձնազոհությամբ պահել և պաշտպանել այն, իսկ ջրբաժանի մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար «կադաստրի վկայական» են աղերսում թշնամուց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունքն աղերսում են թշնամուց։
Ջրբաժանը հստակ է․ կամ օրվա իշխանության վարած օրակարգի, այսինքն՝ հանձնվելու և ստրկության ճանապարհն է, կամ պայքարի։
Ես այսօր՝ այս խորհրդանշական վայրում կասեմ հետևյալը, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը, մեր ժողովրդին ոտքի է հանելու և առաջնորդելու է պայքարը և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու մեր երկրից։
Այո, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը