23 05 2023

Հայ ժողովուրդն ունի ընդամենը 5-6 ամիս՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար․ Իշխան Սաղաթելյան



«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը: Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», - ԱԺ-ում լրագրողների հետ զրւյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, թե՝ ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, ԻշխանՍաղաթելյանն ասաց․ «Մենք այն քաղաքական որժն ենք, որ հայտարարություններից բացի վերջին երեք տարվա ընթացքում շատ  կոնկրետ քայլեր ու գործողություններն արել ենք, հիմա ևս հայտարարում եմ, որ այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչ։  Բոլոր այն խոսակցությունները, որ ընդդիությունը հեռացել է իր օրակարգից, դադարեցրել է պայքարը՝ այդպես չէ: Անցած տարի այս օրերին ինչ արել ենք, կանխել, հետաձգել է գործընթացը: Եթե անցած տարի այն, ինչ արել ենք արած չլինեինք, այս գործընթացն այլևս ավարտված կլիներ: Հիմա մեր խնդիրն է նոր թափով, նոր ուժով Հայաստանում, Արցախում, սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, ՀՀ քաղաքացիներին պատրաստել  լայն համաժողովրդական անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը», - նշեց Իշխան Սաղաթելյանը՝շեշտելով, որ ընդդիմության գլխավոր խնդիրը շարունակում է դա մնալ:

Նա նաև ավելացրեց, որ «Դաշնակցությունն» ունի իր պատկերացումները և՛ փողոցային պայքարի, և՛ առաջիկա անելիքների մասով. «Մեր առաջարկները կքննարկենք մեր գործընկերների հետ: Հստակ է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հստակ է նաև  նրա ժամանակացույցը: Ընդդիմությունը ևս պետք է հստակ ձևավորի իր քայլերն ու գործողությունները և պայքարը շարունակի: Կարծում եմ՝ մինչ այդ ՀՀ-ում և Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, ցույցեր, դժգոհության ու դիմադրության օջախներ՝ առնվազն հիմա ցույց տալու համար, որ Փաշինյանը լեգիտիմ չէ, նրա ստորագրածը առոչինչ է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող և  ժողովրդի կողմից չունի մանդատ՝ հանձնելու Արցախն ու Հայաստանը: Ակնհայտ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ, այն, ինչի մասին նա խոսում է, դրանից հետո Հայաստանի պետականության գոյությունը լրջորեն դրված է լինելու հարցականի տակ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ