Այլևս բավական է այս թատերախաղին: Տարիներ ձգեցիք և թշնամիներին բերեցիք ու օղակեցիք Հայաստանը, դուք բոլորդ, որ կոչված էիք պետություն կառավարելու, երկիր հզորացնելու ու շենացնելու և ազգ կերտելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Նա նաեւ նշել է. «Դուք բոլորդ՝ քաղաքական և այլևայլ գործիչներդ, այդպես էլ մնացիք անձնապաշտ՝ կույր դառնալով Հայրենիքի ու Ազգի շահերի առջև: Մարգարե էիք դարձել, կանխատեսություններ ու վերլուծություններ էիք անում, աղմուկ, աղաղակ, լաց ու կոծ էիք անում, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, ո՞վ էր ձեզ շղթայել, որ տեսնելով մեծ վտանգը՝ ոչինչ չարեցիք այս ողբերգական օրերը, տարիները ժամանակին կանխելու համար...
Պետությունն արյունաքամ էիք արել, ամեն ձևով նաև հոգին՝ Հայոց Եկեղեցին էիք ուզում տկարացնել, հեղինակազրկել, անշնչացնել: Առաջինն արեցիք, ստացվեց, սակայն Աստծո Սուրբ Եկեղեցու առջև դուք բոլորդ թուլացաք ու ընկաք, ձեր մեքենայություններն էլ քանդվեցին ու ոչնչացան:
Այլևս բավական է ձեր այս քաղաքական նենգ, հիշաչար ու նվաստ խաղերին, թատրոնին: Ձեր մեջ գտեք մի կաթիլ խղճի խայթը և շտկեք ձեր սխալները, վերացրեք ձեր գործած ավերները, գոնե մասամբ մաքրեցեք ձեր ճակատի խարանը: Միևնույն է, Հայոց անաչառ ու անկաշառ, իմաստուն ու արդար Պատմությունը տալու է ձեր գնահատականը: Ժամն է, որ ազնվության ու արիության մի գործով՝ ձեր պաղած սրտերում շողացնեք առ ձեզ Տիրոջ ողորմության հույսը:
Հայաստանը պետք է հառնի, հայը պետք է ելնի. թող դա չլինի ձեր անձերն ու անունները ոտքի կոխան դառնալու գնով:
Առաջնորդեցեք ժողովրդին, սրբագրեք ձեր ուրացումը, դուրս եկեք ձեր դերերից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը