22 04 2023

Ոչ ոք Սուրբ Եկեղեցուց առավել չգիտե խորհուրդն ու արժեքը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Ոչ ոք Սուրբ Եկեղեցուց առավել չգիտե խորհուրդն ու արժեքը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, գրում է.

«Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն

Հայոց պատմության մեջ կար երանելի ժամանակ, երբ Հայոց թագավորներն ու իշխանները՝ Հայաստանի ղեկավարները, Աստվածաշնչից տեղիներ էին մեջբերում ոչ թե իրենց սին հպարտությունն ի ցույց դնելու, այլ օտարաց առջև իրենց հարազատ, Ազգային Եկեղեցին ու սուրբ հավատքը պաշտպանելու համար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ իր աստվածային զորությամբ հոգևորապես ծնում ու սնում է հայ քրիստոնյային, իր սուրբ խորհուրդներով իրագործում է նրա հոգու փրկությունը՝ կատարյալ կերպով գիտե Աստվածաշունչ մատյանն ու այդ Սուրբ Գրքի մեկնաբանությունը: Եվ կարիք չկա, որ որևէ մեկը, այս դեպքում ՀՀ վարչապետը, ընկնելով բողոքական հորձանուտի մեջ՝ հանդես գա աստվածաշնչական տեղիների կամայական, սխալ մեկնաբանությամբ... Ցավալի իրավիճակ է, շատ-շատ ցավալի:

Մի՞թե այդքան դժվար է ընկալել, որ մեր Ազգային Եկեղեցին, ով կատարյալ կերպով տեսնում է գալիքը, իր ամեն մի գործը, խոսքը կատարում ու հնչեցնում է ի շահ հայ ժողովրդի և ի շինություն ու հարատևումն Հայաստան աշխարհի:

Ոչ ոք, ամենապարզ քաղաքացուց մինչև վերին պաշտոնյան, Սուրբ Եկեղեցուց առավել չգիտե խորհուրդն ու արժեքը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. մի՞թե հայ հոգևորականը չէ Սուրբ Սեղանից և ամեն աստվածապաշտական արարողության ժամանակ «Խաղաղություն ամենեցուն» ասելով՝ բաշխում այդքա՜ն ցանկալի ներքին ու արտաքին խաղաղությունը: Բայց ի՞նչ գնով է տրվում այդ խաղաղությունը... աստվածուրացությա՞ն, աստվածամարտությա՞ն, աստվածային տնտեսության մասնատման ու խորտակմա՞ն: Ո՛չ, երբե՛ք, այլ՝ ամենայն սուրբ ավանդի պահպանմամբ:
Իսկ այսօր Հայոց Եկեղեցուց դուրս պահպանվո՞ւմ է մեր ազգային սրբազան ավանդը, կերտվո՞ւմ է հայի նկարագիրը, հա՞յն է տերը դառնում իր Հայրենիքի ու իր իսկ ճակատագրի...
Իշխանության ծանր բեռը կրող ամեն ոք պետք է տեսիլք ու երազ ունենա, և այդ ամենը պետք է ներդաշնակ լինի համազգային տեսիլքին ու երազին. հակառակ դեպքում տվյալ իշխանավորը չի՛ կարող ծառայել Ազգի գերագույն շահերին, չի՛ կարող տեր ու պաշտպան լինել իր ազգային հաստատություններին ու ժառանգությանը:

Գիտցած թող լինի ամեն ոք, որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին քաջ գիտե հարազատ Երկրի, Հայրենի ինքնիշխան պետության խորհուրդը, արժեքն ու կենսական անհրաժեշտությունը: Եվ այս ոգով դարեր շարունակ զորակից ու լծակից է եղել Հայոց պետությանը և իր ամեն կարելին ի սպաս է դրել Հայրենիքի ու Ազգի զոհասեղանին: Իսկ ի պահանջել հարկի, այո, որպես Ամենազոր Աստծո արդար ձայն, մարգարեական սաստիկ խոսք՝ զգուշացրել, հորդորել, խրատել ու հանդիմանել է թե՛ պարզ հավատացյալին, թե՛ ամենաբարձր պաշտոնյային: Եվ նրանք, ովքեր եղել են ճշմարիտ քրիստոնյաներ, անդրադարձել, գիտակցել և ուղղվել են՝ մնալով հավատարիմ Սուրբ Ավետարանին, մնալով հավատարիմ ազգային ուխտին:

Արդ, պատվարժան իշխանավորներ, մինչ ձեզ տրված ժամանակավոր իշխանության մասին ճառելը՝ նախ, խոսեցեք ձեր այն գործերի մասին, որոնք ուղղված են ի շինություն Հայաստան երկրի, ի պայծառություն ազգային կյանքի, ի նպաստ հայոց հոգևոր, մտավոր ու մարմնավոր անվտանգության: Եթե, արդարև, լինեին այդ գործերը՝ չէին լինի այս օրերին հնչած Ձեր ունայն խոսքերը...

Վե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը, և, որպես հարազատ զավակները Ձեր Մայր Եկեղեցու՝ լսեցեք աշխարհի քաոսում բարձր հնչող արդար, արթնացնող ու հոգեշահ խոսքերը Սուրբ Էջմիածնի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ