19 05 2023

Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը․ Լավրով

Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը․ Լավրով

Այսօր Մոսկվայում անցկացրեցինք մի շարք հանդիպումներ՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորմանը: Նախ տեղի ունեցան առանձին երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի իմ գործընկերներ Բայրամովի և Հայաստանի իմ գործընկերներ Միրզոյանի հետ: Հետո երեքով հանդիպեցինք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Գնահատականներ ենք փոխանակել այն իրավիճակի վերաբերյալ, որը ձևավորվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանի միջև 2022 թվականի նոյեմբերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքի համատեքստում։ Այդ պայմանավորվածությունները վերաբերում են Ղարաբաղում անվտանգության և կայունության ապահովմանը։ Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Դրանով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Պայմանավորվածության մեջ է մտնում հումանիտար հարցերի լուծումը։ Առաջին հերթին, խոսքը սահմանազատման մասին է՝ հետագա սահմանագծմամբ։  Դրա համար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առանձին հայտարարությամբ ստեղծվել է սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողով՝ որպես խորհրդատու ռուսական կողմի մասնակցությամբ։ Առանձին թեմա է խաղաղության պայմանագիրը։ Դրա ուղղությամբ կողմերը սկսել են աշխատել, և այն այժմ ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Հայ և ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։  Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ գործընկերները երախտագիտություն հայտնեցին ռուսական կողմին ընդհանուր ջանքերում առաջատար դերակատարման համար, որոնք մարմնավորվում են առաջնորդների հիշատակված եռակողմ հայտարարություններում և այն շփումներում, որոնք շարունակվում են իմ նշած ուղղություններից յուրաքանչյուրով․

«Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ դրական արդյունք կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը։ Առաջիկայում պայմանավորվել են անցկացնել սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ։ Խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվեցին, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ Այժմ սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչ արդյունքի են հասել։ Մեր խնդիրն էր հարթակ տրամադրել երկկողմ հանդիպման համար։ Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումները: Հուսով ենք, որ այս միջոցառումը թույլ կտա Ադրբեջանի և  Հայաստանի նախարարների միջև այժմ ընթացող բանակցություններին հասնել գործնական արդյունքների։ Մենք կշարունակենք նպաստել առաջընթացին՝ բոլոր եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար, լիարժեք իրականացնելու  համար»,- ասված է Լավրովի հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ