12 05 2023

ԱՄՆ դեսպանը գոհ է Սասուն Խաչատրյանի աշխատանքից, ով «զեղչով» բնակարան էր գնել «Բյուրեղ»-ում և կարճել կառուցապատողի քրգործը

ԱՄՆ դեսպանը գոհ է Սասուն Խաչատրյանի աշխատանքից, ով «զեղչով» բնակարան էր գնել «Բյուրեղ»-ում և կարճել կառուցապատողի քրգործը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնում են, որ ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները, անդրադարձել հիմնական առաջնահերթություններին՝ այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացին: Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») հետ սերտ համագործակցությանն ու դրա շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը: Սասուն Խաչատրյանը կարևորել է նաև ամերիկյան գործընկերների աջակցությունը միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքներում:

Դեսպան Քվինը, ընդգծելով Հակակոռուպցիոն կոմիտեի կարևոր դերակատարումը Հայաստանի իրավապահ համակարգում, հատկապես ողջունելի է համարել այն հանգամանքը, որ Կոմիտեին հաջողվել է գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ որոշակի դրական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:

ԱՄՆ դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել նույն արդյունավետությամբ շարունակել ձևավորված սերտ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը բացահայտել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, որից հետո կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ