28 04 2023

Չենք կարող թույլ տալ Ադրբեջանի կողմից կատարվող միակողմանի քայլերը․ դա ասել եմ նաև Բաքվում․ Ֆրանսիայի արտգործնախարար



«Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին»,- Երևանում այսօր հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան:

«Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։ Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի և երկու երկրների բնակչությունների համար», - նշեց Կոլոնան։

Ֆրանսիայի նախարարն ասաց, թե տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից։

«Ես դա ասել եմ նաև Բաքվում։ Ադրբեջանական ուժերի առաջխաղացումների հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգել։ Հակառակ պարագայում ևս նույնը կասեինք, եթե դուք առաջխաղացում ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան», - հայտարարեց ֆրանսիացի նախարարը։

Նա ընդգծեց՝ չեն կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ