Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված կյանքերի մասին եւ հաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը: Այս մասին նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում։
«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանը եւ հասարակական գործիչներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնությունների համակարգված արշավին։ Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ թողնվեցին մեռնելու, ողբերգություն, որն ընդմիշտ իր հետքը թողեց հայ ընտանիքների սերունդների վրա:
Ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ հիշելով այս ցավալի պատմությունը՝ մենք նաեւ մտորում ենք հայ ժողովրդի տոկունության եւ վճռականության մասին։ Շատերը, ովքեր ողջ են մնացել, ստիպված են եղել նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ եւ ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմակայել չարին ու ատելությանը։ Նրանք վերականգնել են իրենց համայնքները:
Նրանք փայփայել են իրենց ընտանիքները եւ պահպանել իրենց մշակույթը։ Նրանք հզորացրել են մեր ազգը։ Նրանք պատմել են նաեւ իրենց պատմությունները, եւ իրենց նախնիների պատմությունները, որպեսզի հիշեն եւ երաշխավորեն, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը երբեք չի կրկնվի:
Եկեք այսօր վերահաստատենք այդ խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք հանդես գալ ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները եւ կանխել վայրագությունները: Եվ եկեք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ ստեղծելու լավագույն ապագան, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանավայել, ապահով եւ հարգված»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը