24 04 2023

Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր շարունակում է հայատյացության իր որդեգրած գործելաոճը․ Արթուր Թովմասյան

Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր շարունակում է հայատյացության իր որդեգրած  գործելաոճը․ Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցի կապակցությամբ.

«Սիրելի´ հայրենակիցներ
Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած և իրագործած ցեղասպանությունն է:

Ամեն տարի այս օրերին առաջադեմ մարդկությունն ու աշխարհասփյուռ հայությունը հիշում և դատապարտում է հրեշավոր ոճրագործությունը,ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակը:

 Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը մեծ հաշվով առայսօր մնում է անպատիժ: Ամենաթողությունը ոճրագործին մղել է նոր հանցավոր գործելաոճի: Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի հովանավորությամբ և անմիջական  մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ցեղասպանական նոր ծրագիր է մշակել: Այդ գաղափարախոսության վերածննդի վկայությունն են  ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները:

2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի զգալի մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:

Ժամանակը նոր մարտահրավերներ է առաջ քաշում: Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր շարունակում է հայատյացության իր որդեգրած  գործելաոճը՝  մոտ 4,5 ամիս Արցախը պահելով լիակատար շրջափակման մեջ: Այս պայմաններում մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ:

Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու  հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ  կհաղթահարենք նաև այս անգամ: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ միայն համայն հայության միասնականությամբ կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում:

 Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցը վկայում է, որ վերածնված ժողովուրդը երբեք չի մոռանում, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:

Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ