ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Կոպենհագենի վալդորֆյան դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը:
ԱԺ-ից հայտնում են, որ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2018 թվականի թավշյա, խաղաղ հեղափոխության արդյունքում ձեւավորված եւ գրանցված ժողովրդավարական ձեռքբերումները:
Նրա խոսքով ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության եւ կրթության ֆինանսավորմանը. շարունակաբար ավելացվում է գիտության ֆինանսավորումը, բարձրացվում են ուսուցիչների աշխատավարձերը: Խոսելով կրթության ոլորտում իրականացվող ռազմավարական բարեփոխումների մասին` ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է դպրոցաշինությանը, մանկապարտեզների կառուցմանը, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը:
««Արեգնազան» կրթահամալիրն ունի երկարատեւ համագործակցության պատմություն Կոպենհագենի վալդորֆյան դպրոցներից մեկի հետ: Ամեն տարի այդ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան` ուսումնասիրելու Հայաստանի եւ քրիստոնեության պատմությունը»,- ներկայացնելով աշակերտներին` ասել է կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:
Կարեւորելով տարբեր երկրների երիտասարդների միջեւ ընկերական, ջերմ կապերի հաստատումը` նա նշել է, որ 2015 թվականից դպրոցականերն այցելում են նաեւ Հայաստանի Ազգային ժողով: 10 օրվա ընթացքում դպրոցականների համար կազմակերպվում են ճանաչողական էքսկուրսիաներ տեսարժան վայրեր, պատմամշակութային հաստատություններ:
Պատասխանելով աշակերտների հարցերին` Արման Եղոյանն անդրադարձել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը` նշելով, որ այն կարեւոր է հետագա ցեղասպան հանցագործությունները կանխելու համար:
Պատգամավոր Սոնա Ղազարյանը խոսել է Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամի հետեւանքների, էթնիկ զտման մասին:
Աշակերտների հարցերը վերաբերել են նաեւ Հայաստանի տնտեսության զարգացմանը, ապրանքների արտահանմանն ու ներմուծմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Նրանք հետաքրքրվել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններով, կրոնների նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքով, սերնդափոխությամբ, անդրադարձել են կանանց ակտիվ ներգրավվածությանը տարբեր ոլորտներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը