ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին լրագրողները հարցրին, թե ինչու էր ծափահարում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին, այն դեպքում, երբ նա կալանավորվել էր կոռուպցիոն գործով։ ՔՊ-ական փոխնախագահը պատասխանեց, թե մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը՝ ծափահարությունների արժանի է: Ասաց, որ դա իր աջակցության ժեստն էր:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ ինքը և իր գործընկերները միջնորդություն ներկայացնեն դատարան, Արշակյանը պատասխանեց. «Այն կանայք, որոնք մանկահասակ բալիկներ ունեն և Աշոտ Հովհաննիսյանի մասով, այո, կա նման որոշում: Խոսքը խմբակցության որոշման մասին է»:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում խուզարկումների արդյունքում ձերբակալություններ և կալանավորումներ կատարվեցին։ Այդ թվում խափանման միջոց կիրառվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի նկատմամբ, կալանք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը