15 03 2023

Սաղաթելյանն ու Ռուստամյանը Սերգեյ Միրոնովի հետ հանդիպմանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը

Սաղաթելյանն ու Ռուստամյանը Սերգեյ Միրոնովի հետ հանդիպմանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Աժ պատգամավորներ, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ընդգծվել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։

Ողջունելով հյուրերին՝ Սերգեյ Միրոնովը նախ հիշատակել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին կայացած հանդիպումը՝ բարձր գնահատելով «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշարտության» և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցությունների համագործակցությունը` 2007 թ. ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, և այժմ շատ կարևոր է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դիրքորոշումը։

Արմեն Ռուստամյանը հավելել է, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը Ռուսաստանի Դաշնությունից ակնալում է ավելի ակտիվ գործողություններ։

Հանդիպման ավարտին Սերգեյ Միրոնովը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի ողջախոհությունը, ձեռք կբերվեն որոշակի պայմանավորվածություններ, կլուծվեն հայ բնակչության անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ