7or.am-ը գրում է․
Արևմտյան էմիսարների աչալուրջ հսկողության ներքո, «ՀՀ վարչապետ» սաղավարտ կրողը հստակ ու անշեղորեն շարունակում է Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելու, եթե չասվի՝ վրաերթի ենթարկելու գիծը: Նման հետևություն կարելի է անել ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտնած հակիրճ տեղեկությունից, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ:
Ի՞նչ կարող է սա նշանակել: Հայաստանը, գտնվելով անվտանգությանն ուղղակիորեն սպառնացող մարտահրավերների լարման վիճակում, պասիվացնում է իր ներկայությունը մի կազմակերպության մեջ, որին անդամակցելը հենց նշված անվտանգային ռիսկերը նվազեցնելուն է ուղղված: Այսինքն, Հայաստանին ՀԱՊԿ-ը պետք չէ: Հասկանալի է, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը դեռ չի նշանակում, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և, կոպիտ ասած՝ «հեչ է անում» պայմանագիրը: Բայց ակնհայտ է, որ սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները:
Նմանապես հասկանալի է, որ Հայաստանի այդ որոշումը «մեծ ոգևորությամբ» կընդունվի Ռուսաստանի կողմից: Սարկազմը՝ սարկազմ, բայց Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ծրագրավորված վատացումը, եթե չասվի՝ փչացումը Նիկոլ Փաշինյանն այլևս չի էլ փորձում որևէ կերպ քողարկել:
Արժե հիշեցնել, որ առաջին քայլերից մեկը, որ արեց Նիկոլ Փաշինյանը, 2018-ին իշխանությունը զավթելուց հետո, ՀԱՊԿ-ին հարվածելն էր: Այլ կերպ չէր էլ կարող մեկնաբանվել Նիկոլ Փաշինյանի այն քայլը, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական վարույթ հարուցեց և (հայտնի ձայնագրություններն էլ հիշեք) ցանկանում էր կալանավորել: Դրանով նա ոչ միայն Հայաստանին բավականին վատություն արեց, այլև լրջորեն հարվածեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը:
Ժամանակի ընթացքում այլ քայլեր էլ են եղել:
Իսկ վերջին շրջանում կարելի է հիշեցնել ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը, չհաշված մնացյալը: Ինքնին հասկանալի է, որ հարաբերությունների կանխամտածված վատացումը միայն ՀԱՊԿ-ին չէ, որ վերաբերում է, այլև այդ կազմակերպության հիմնադիր-նախաձեռնող Ռուսաստանին:
Այդպիսով Նիկոլ Փաշինյանը, պետք է ենթադրել, շարունակում է արևմտյան հրահանգիչների մոտ ստանձնած հանձնառությունները և մեր երկիրը ուղղակիորեն հրում է դեպի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հորձանուտ: Մի բան, որ այս շրջանում մեր երկրին ամենևին պետք չէ և նոր աղետներից բացի, այլ բան չի տալու:
Բայց մարդն ինչի համար Հայաստանում իշխանության է բերվել, դրան էլ ծառայում է: Ըստ երևույթին, հենց նման պարտավորությունների ու դրանց կատարման մասին էր ակնարկում Եվրամիության ներկայացուցիչ Կլաարը, երբ ուղիղ տեքստով ու բացեիբաց Փաշինյանին հիշեցնում էր, թե նա «պարտավորություններ ունի»:
Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելու, այդ հողի վրա Ռուսաստանի համար լարվածության «երկրորդ ճակատ» ձևավորելու խաղերի մեջ մտնելուց, հասկանալի է, Հայաստանը ոչինչ չի շահելու: Ոչինչ:
Եթե կան մանկամիտներ, որոնք կարծում են, թե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ անվտանգային երաշխիքներ է տալու, ապա կարող են նստել հայկական լեռների վրա ելած անգլիական նավերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը