Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսվել է 30-ամյա հակամարտության ավարտից հետո, ուստի, ըստ նրա, զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց:
«Դա ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ», - ասել է Կլաարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետևանքները: Կլաարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումների և կարևոր հարցերի վրա աշխատելու հնարավորությունը:
«ԵՄ-ն երկար տարիներ աշխատում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի և կազմակերպությունների հետ: Բայց, ի վերջո, դա, իհարկե, կախված է ոչ միայն ԵՄ-ից, այլև հենց երկրների, նրանց ղեկավարների գործողություններից։ Որովհետև մենք խոսում ենք կրթության մասին, քաղաքացիական հասարակության և ընդհանուր առմամբ հասարակության մեջ գաղափարների ձևավորման մասին, այդ թվում՝ դպրոցական ծրագրերի և այն մասին, թե ինչպես և ինչ է գրվում լրատվամիջոցներում: Այս ամենը, ճիշտն ասած, այն ոլորտն է, որտեղ ԵՄ-ն քիչ բան կարող է անել, ընդհակառակը, կրկնում եմ, դեռ շատ անելիքներ կան երկրների ղեկավարների կողմից... Երկու երկրների կառավարությունների համար կարևոր է ցույց տալ թշնամանքի, հակամարտությունների դարաշրջանի ավարտը և հայտարարել գործընկերության և բարեկամության նոր դարաշրջան սկսելու իրենց ցանկության մասին։ Հեշտ չի լինի։ Եթե նայեք Եվրոպային և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերություններին, ապա ձեզ համար անհնարին կթվա այնպիսի հարաբերություններ, ինչպիսին կա այժմ ֆրանսիացիների և գերմանացիների միջև: Ինչպես օրինակ ուսանողների փոխանակումը, պարբերաբար հանդիպումները Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների միջև։ Բայց սա մեծ աշխատանք էր պահանջում, առաջին հերթին, Փարիզի ու Բեռլինի Բոննի ղեկավարությունից։ Ուրեմն այստեղ էլ պետք է լինի», - ասել է Կլաարը:
Խոսելով Հայաստանում ԵՄ առաքելության մասին՝ Կլաարն ասել է, որ ԵՄ-ն ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ:
«ԵՄ-ի համար դա նշանակում է օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ հաղթահարելու հակամարտությունների ժառանգությունը: Սա է մեր միակ շահը։ Հարավային Կովկասը գտնվում է ԵՄ-ի հարևանությամբ, և այս տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը բխում են մեր շահերից։ Որովհետև որքան լավ են մեր հարևանները, այնքան լավ ենք մենք, դա այդքան պարզ է: Ուրախ կլինեմ, եթե Մոսկվան հասկանա, որ եթե մենք իրականում մեկ նպատակ ունենք, ապա կարող ենք լրացնել միմյանց ջանքերը և դա չհամարենք որպես ինչ-որ մրցակցություն, որը ներառված չէ ԵՄ հեռանկարներում», - եզրափակել է պաշտոնյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը