05 08 2024

Խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ․ Տոյվո Կլաար

Խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ․ Տոյվո Կլաար

 

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր պատկերացումները՝ ելնելով տարածաշրջանում իր տասնամյա աշխատանքի փորձից:

Խոսելով Հայաստան-Ադրբեջան զարգացումների մասին, Կլաարը բնութագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մի քանի տարիների զարգացումները։ Նա ընդգծել է, որ պատկերը միշտ տարբեր է եկել, սակայն այժմ ակտիվացել է երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև։

«Բանակցություններ ենք վարվում՝ ուղղված խաղաղության պայմանագրի վերջնականացմանը: Հույս ունեմ, որ քաղաքական կամքի և բոլոր կողմերի շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- նշել է պաշտոնյան:

Այս համատեքստում Կլաարը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար:

Սակայն այն փաստը, որ նրանք չհանդիպեցին Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցում է նաև, թե որքան փխրուն է դեռևս այս գործընթացը: Դա չի նշանակում, որ կողմերից որևէ մեկը հանձնառություն չունի, բայց ակնհայտ ցույց է տալիս այն զգայունությունը, որը կա ոչ միայն բովանդակության, այլև հարաբերությունների կարգավորման քննարկումների գործընթացի առնչությամբ»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը՝ ընդգծելով, սակայն, որ համաձայնագրերը պետք է իրականացվեն, և ուստի խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ:

«Միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև»,- ասել է Կլաարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ