20 02 2023

Հերթական անգամ միջազգային հանրության աչքի առջև Հայաստանը ներկայացնող անձը ստորացուցիչ պարտություն կրեց․ Աննա Կոստանյան

Հերթական անգամ միջազգային հանրության աչքի առջև Հայաստանը ներկայացնող անձը ստորացուցիչ պարտություն կրեց․ Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հինգշաբթի օրը կառավարության նիստին ՀՀ փաստացի վարչապետ հանդիսացող անձը հայտարարեց, որ ավարտել են «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի» աշխատանքային հերթական փուլը և նախագիծն առաջարկներով հանդերձ ուղարկել Ադրբեջանին։ Այս հայտարարությունը հայկական սոցիալական տիրույթում ոչ բավարար ուշադրության արժանացավ, դե որովհետև այլ կենցաղային հարցերով շատ հանգիստ կարողացան շեղել բոլորին։ Հետո հպարտությամբ արձանագրեց, որ այնպիսի փաստաթուղթ են կազմել, որում տեղ գտած դրույթները ՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԵՆ ՆԱԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ (հիշեք, թե ոնց էին պատերազմից առաջ ինքն ու իր ենթակաները այս ֆեյք դիսկուրսն առաջ տանում ամեն պատեհ ու անպատեհ առիթով, իսկ հետո եղավ պատերազմը)։ Ասաց, որ փաստաթուղթն ուղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբին, ինչը նշանակում է, որ փաստաթղթում այնուամենայնիվ Արցախի կոնֆլիկտին վերաբերելի դրույթներ էլ կան։ Չնայած նրան, որ այսպիսով փորձ է անում վերակենդանացնել արցախյան հիմնախնդրի համար ստեղծված Մինսկի խմբի անդամներին, սակայն շատ մեծ կասկածանք ունեմ, որ սրանք կարող էին պրո-արցախյան առաջարկներ անել, քանի որ բազմիցս, իսկ Բերձորի բլոկադայից առավել ևս, խոսել են միայն Արցախի հայության անվտանգության երաշխիքների և իրավունքների մասին` լեգիտիմացնելով ալիևի` Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելու պնդումները։
Մյունխենի անվտանգության համաժողովին Փաշինյանի երեկվա անինքնավստահ, կցկտուր ու ոչ առարկայական խոսույթը կրկին ապացուցեց, որ սրանք բոլորովին էլ հայկական օրակարգ չեն սպասարկում։ Ալիևի հստակ ու ինքնավստահ, հակա-արցախյան թեզերն անպատասխան մնացին ու հերթական անգամ միջազգային հանրության աչքի առջև Հայաստանը ներկայացնող անձը ստորացուցիչ պարտություն կրեց, քանի որ չկարողացավ առաջ տանել հայկական շահի համար առանցքային որևէ թեզ։
Ես բացարձակ հույս ու վստահություն չունեմ, որ պարտվողական իշխանությունը կարող է պայմանագրի այնպիսի նախագիծ կազմել, որում Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները խաղաղության մասին կհամընկնեն, որտեղ ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից որևէ զիջում չի լինի։ Եթե մեզ համար ընդունելի փաստաթուղթ կազմված լիներ, ապա առնվազն դրանում առկա դրույթները (որոնք պետական գաղտնիք չեն պարունակում, չնայած չեմ կարծում, թե պայմանագիրը պետական գաղտնիք պարունակող տարրեր կարող է ունենալ) հակիրճ կներկայացվեին հայ հանրությանը, սակայն դրանք չկան։ Եվս մեկ ապացույց, որ փաստաթուղթը հայերի համար նոր ու ամբողջական կապիտուլյացիա է լինելու, ի դեպ որի պատասխանատվությունը, ըստ իր հայտարարության, պատրաստ է կրել։
Հ.Գ. Ցավալիորեն պիտի ընդունել, որ 2020-ի մասնակի կապիտուլյացիան վերահաստատել է հայ ժողովրդի այն հատվածը, որը 2021-ին վերընտեց երկու հայկական պետությունները պարտության տարած վարչապետին, իսկ մենք` խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունն այնքան ուժեղ չգտնվեցինք, որ թույլ չտանք աղետի շարունակականությունը` համակերպվելով դրա հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ