19 02 2023

Աչք էր ծակում, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները․ Տիգրան Աբրահամյան

Աչք էր ծակում, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մյունհենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների աչք ծակող հանգամանքներից մեկն այն էր, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները:

Ե´վ Հայաստանից, և´ Ադրբեջանից հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է դուրս գա Արցախի հարցով բանակցություններից և թեման տեղափոխվի Ադրբեջանի ու Արցախի երկկողմ ձևաչափ:

Ե´վ Հայաստանի և´ Ադրբեջանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միայն 2 երկրներին վերաբերվող խնդիրների շուրջ, Արցախի հարցը դրանում տեղ չունի:

Այս ծանր իրավիճակներում Արցախին Ադրբեջանի հետ դեմ-դիմաց` միայնակ թողնելը, հավասարազոր է Արցախի կլանմանը կամ ադրբեջանացմանը հանձնել:

Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի մոտեցումները ևս բավականին մոտ են` «Լեռնային Ղարաբաղի հայեր» և «Ղարաբաղի հայություն»:

Ճիշտ է` Ադրբեջանն առարկում է նաև «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպմանը, սակայն նրա համար դա ոչ թե բովանդակային, գաղափարական խնդիր է, այլ պարզապես չի արտահայտում Ադրբեջանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը:

Ե´վ Ադրբեջանի և´ ՀՀ իշխանությունները Արցախի խնդիրը դիտարկում են ոչ թե կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի իրացման կամ դրա միջազգային ճանաչման շրջանակներում, այլ «Արցախում ապրող հայերի իրավունքների ու ազատությունների շրջանակներում»:

Սա քարտ-բլանշ է Ադրբեջանի ձեռքերում հայտարարելու, որ պատրաստ է ապահովելու Արցախում ապրող հայերի ազատություններն ու իրավունքները ճիշտ այնպես, ինչպես իր մնացած շրջաններում և խնդիրը համարել ավարտված:

Արցախին վերաբերող առանցքային խնդիրների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները համահունչ էին, որոշակիորեն տարբերվում էին փաթեթավորման հարցերը:

ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից, ըստ էության, ընդունել ադրբեջանական գաղափարական առաջնահերթությունները, իսկ մնացած արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է:

Փաշինյանական իշխանության հիմնական մտահոգությունը հայ հանրությանը համոզելն է, որ Արցախը ոչ թե ինքն է հանձնում, այլ մյուսները:

«Մյուսների տակ» արդեն կարևոր չէ, թե ովքեր են` «պադստավկա» լինող արցախցինե՞րը, Ռուսաստա՞նը, թե՞ հավաքական արևմուտքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ