Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրում է.
«Այսօր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիևը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: Նրանք քննարկել են «անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, սահմանային անվտանգությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ»։
Հատկանշական է, որ այս հեռախոսազանգերը տեղի են ունենում Իրան–Ադրբեջան լարվող հարաբերությունների համատեքստում: Այսօր Ալիև մեղադրել էր Իրանին՝ դեսպանատան վրա տեղի ունեցած հարցում «անգործություն» ցուցաբերելու մեջ: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը դա անվանել էր «ահաբեկչություն»: Իրանական կողմն էլ խորհուրդ տվել խուսափել դեպքի առթիվ «էմոցիոնալ արձագանքներից»:
Դրան զուգահեռ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը արդեն երկու օր է, ինչ «ռեյդեր» է իրականացնում իբրև իրանցի «լրտեսներ» հայտնաբերելու նպատակով: «Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 39 մարդ, որոնք սադրանքներ և դիվերսիոն գործողություններ են իրականացրել «կրոնական քողի» ներքո: Այդ անձինք, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել Իրանի օգտին, չարաշահել են կրոնական ազատությունն Ադրբեջանում, կատարել են իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները, որպեսզի խաթարեն Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»,–նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:
Իհարկե, զավեշտալի է տեսնել, որ Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց առկա միտումները փաստում են, որ հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի, համենայն դեպս՝ ադրբեջանական կողմը, կարծես թե, ավելի շատ սրում է իրավիճակը, քան թե փորձում մեղմել այն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը