01 02 2023

Կարող եք, չէ՞, դադարեցնել պառակտումն ու խարդավանքները երկրի ներսում․ «Հրապարակ»

Կարող եք, չէ՞, դադարեցնել պառակտումն ու խարդավանքները երկրի ներսում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ն իր առաջնորդող հոդվածում գրում է

Երբ մարդիկ սկսում են խոսել միասնականության, համազգային համախմբման, մի բռունցք դառնալու եւ մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու մասին, հասկանալի է, որ այդ կոչերն ուղղված են ընդդիմությանը, իշխանություններին քննադատողներին: Դրանք մեղադրանքի ու հանդիմանության կոչեր են` որ մեր երկիրն այսքան ծանր ու դժվար լուծելի խնդիրների առաջ է կանգնած, իսկ դուք, միաբանվելու փոխարեն, միմյանց ու իշխանությունների միսն եք ծամում, եւ մեր այս պառակտվածությունից օգտվում է թշնամին:

Այսպես մտածողներից ոչ մեկը, սակայն, կոչ չի անում իշխանություններին` համագործակցել, միաբանվել իրենց քննադատողների հետ, լսել նրանց, օգտվել նրանց առաջարկներից: Մինչդեռ այս պահին հենց դրա կարիքը կա` դիմել գործող իշխանություններին եւ հորդորել. լավ, չեք ուզում հրաժարական տալ, պաշտոնն ու իշխանությունը քաղցր բան են, հասկանում ենք ձեզ, բայց կարող եք, չէ՞, դադարեցնել պառակտումն ու խարդավանքները երկրի ներսում, երբեմն լսել ձեզ քննադատողներին, փոխել մարտավարությունը, ընդառաջել խելացի խորհուրդներին:

 Այս նեղ պահին, երբ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում, ի՞նչ իմաստ ունի Մուրադ Փափազյանին կամ երիտասարդ դաշնակցականներին երկրից վտարելը: Ի՞նչ եք շահում այդ քայլերով: Ինչո՞ւ եք Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ հայտարարել եւ կաթողիկոսին «պերսոնա նոն գրատա» ճանաչել: Ի վերջո, անգամ եթե այդ մարդիկ ինչ-որ հարցերում, ինչ-որ պահի ձեզ համար տհաճ ու անընդունելի պահվածք են դրսեւորել եւ ձեր դեմ գնացել, չէ՞ որ դրա համար միանգամայն հիմնավոր պատճառներ են ունեցել: Այս խառը ժամանակներում ինչո՞ւ եք որոշել քրեական գործեր հորինել ընդդիմադիրների դեմ: Ախր, ձեր աբիժնիկությամբ, չարությամբ, անհանդուրժողականությամբ երկիր եք կործանում:

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ