168.am-ը գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերության հետ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը Վահան Նարիբեկյանը կնքել է մեկ անձից գնման հերթական պայմանագիրը։
Ըստ պայմանագրի՝ 2.5 միլիոն դրամի դիմաց այս ընկերությունը կիրականացնի ԱԺ հաշվեկշռում հաշվառված 43 մեքենայի ԱՊՊԱ սպասարկումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք «Սիլ ինշուրանս» ընկերության հետ ԱԺ աշխատակազմի ղեկավար Նարիբեկյանի կնքած ևս մեկ պայմանագրի մասին, որով ԱԺ հաշվեկշռում գրանցված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մակնիշի մեքենան էր ապահովագրվել. ԿԱՍԿՈ ապահովագրության արժեքը կազմել էր 602․000 դրամ։
Ազգային ժողովից զատ, «Սիլ Ինշուրանս» ընկերությունը նախընտրում են նաև Երևանի քաղաքապետարանը, Ոստիկանությունը։
Մեկ անձից գնման միայն մեկ պայմանագրով Ոստիկանությունը շուրջ 27 միլիոն դրամ է վճարել «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ին ոստիկանության 150 մեքենայի ԱՊՊԱ-ն անելու համար։
Ավելին, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնես «Սիլ ինշուրանս»-ը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է հայտնվել մեկ անձից գնումների առաջին հորիզոնականներում, երբ Փաշինյանի աշխատակազմը դարձավ առաջիններից մեկը, որը 2018 թվականին 90 ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը մեկ անձից գնման ընթացակարգով կնքեց հենց «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ՝ 2 մլն 313 հազար դրամի դիմաց։
Նույնը կրկնվել է 2019 թվականին. նշված ընկերության հետ կնքվել է 3 մլն 745 հազար դրամի պայմանագիր՝ Փաշինյանի աշխատակազմի 87 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը