Տարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:
«Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»,-ասել է Մարգարյանը:
Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում:
Հայաստան այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Վարչության պետի խոսքով՝ սա երկար սպասված այց է, նախաձեռնությունը, հրավերը եղել է հայկական կողմից: Այս այցին նպաստել է նաև նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս. Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) շրջանակներում այդ մասին ևս խոսվել է:
Աղասի Մարգարյանի խոսքով՝ նախագահի այդ այցը հնարավորություն է տվել Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Հրաչյա Փոլադյանին էլ ավելի մեծ ջանքեր ներդնել, որ այցը ստացվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը