Ավագանու վաղվա՝ ապրիլի 18-ի նիստում օրակարգային հարցերից մեկը Եգիպտոսի հրպարակ ունենալու մասին է։
Ըստ որոշման, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակը նախատեսվում է անվանակոչել Եգիպտոսի հրապարակ: Նման առաջարկությամբ հանդես եկել է արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվել է առաջարկություն Երևան քաղաքում Եգիպտոսի կամ Կահիրեի փողոց անվանակոչելու վերաբերյալ, ինչին զուգահեռ Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն:
Նշված առաջարկի նպատակահարմարությունը հիմնավորվում է մի շարք հանգամանքներով և պատճառներով, որոնց թվում են հայ-եգիպտական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, Եգիպտոսի բարյացակամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, մասնավորապես` Հայոց ցեղասպանությունից հետո, հայազգի որոշ անհատների մեծ ներդրումը ժամանակակից Եգիպտոսի կայացման գործում, ՀՀ-ԵԱՀ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, Եգիպտոսի կարևոր դերը և քաղաքական նշանակությունն արաբական աշխարհում, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2022թ. լրացել է ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը