24 01 2023

ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ․ Արծվիկ Մինասյան

ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ․ Արծվիկ Մինասյան

 

Նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը /NIMD/ նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները` հանուն ներառական ժողովրդավարության» խորագրով ծրագիր, որի նպատակն է քաղաքական գործիչների եւ կուսակցությունների կարողությունների զարգացումը եւ նրանց կողմից Հայաստանի քաղաքական եւ ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավվածության ապահովումը:

Ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հունվարի 24-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակը Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նախաձեռնության շրջանակում է: Այցին աջակցել են երկու երկրների դեսպանությունները:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է խմբակցության կազմը` նշելով, որ այն այսօր խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, որը գործունեություն է ծավալում ոչ միայն խորհրդարանում, այլեւ նրանից դուրս: Այս համատեքստում նա նշել է, որ խմբակցության կազմում ընդգրկված ՀՅԴ կուսակցությունը կարողացել է արտախորհրդարանական տարբեր հոսանքների հարող քաղաքական ուժերի 1/3-ին համախմբել մեկ սեղանի շուրջ` օրակարգում ունենալով Հայաստանին սպառնացող վտանգների չեզոքացումը եւ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը հակազդելը: Պատգամավորի խոսքով 1898 թվականից գործող ՀՅԴ կուսակցությունն իր տարբեր հաստատությունների եւ կառույցների միջոցով գործում է աշխարհի տարբեր երկրներում եւ պատրաստ է, համաձայնագրեր կնքելով, համագործակցել նաեւ Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ:

Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանն անդրադարձել են իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, իշխանությունների գործելաոճին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում որոշակի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը, ինչը կարող է հավասարակշռել իշխանություն-ընդդիմություն բարդ հարաբերությունները:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ