«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ․
«Ուղիղ մեկ տարի առաջ նա ամանորյա պար բռնեց Վահանի, Ռուդիկի, Արթուրի և վերջիններիս մաքրամաքուր ծառայակիցների հետ՝ գուժելով նրանց սպասող դավադիր մահը՝ որպես հերթական ու անխուսափելի «օրինաչափություն»։
Մի կլոր տարվա ընթացքում ազգ ու պետություն վկայեցին նրա առկայությամբ բերված օրինաչափության ողբերգական շարանը։ Այսօր այստեղ չեմ թվարկի։
Վշտակցում եմ 15 ոսկեշող մեր երիտասարդների ընտանիքներին, մեր ամբողջ ժողովրդին՝ այս եղերական, ահավոր և ոչ երբեք օրինաչափ կորստի համար:
Բայց հիմնականը՝ «բոլորը գիտեն», ասեն, թե ոչ, «օրինաչափ» ասողն է, ամենաթողություն ապահովողը, մեր Հայրենիքը սեփական աթոռին ենթարկողը, իր մանրիկ, խեղված արտացոլանքը Հայոց պատմության մեծերի, անգամ Բարձրյալի հղման մեջ փնտրողը։
Որ հայրենափրկաբեր ինքնաբացարկի տարրական արժանապատվություն չկա՝ ժամանակը չէ քննելու։ Որ ունակությունը չկա՝ տեսնելու ուղղակի կապն իր և այսօրվա անմեղ զոհերի միջև՝ առավել ևս։
Երկար-բարակ, ոլորապտույտ նախադասությունները, հոտնկայս կեղծավորությունները, ծնկաչոք «իմիտացիաները» ձեզ պահեք։
Քանի մնաց՝ էլի հայրենի տարածքներ, հողեր, անկլավներ, գյուղեր և հետո՝ քաղաքներ, միջանցքներ, շրջափակումներ, անջատումներ, ավերումներ, ահաբեկումներ, զինվորական և քաղաքացիական զոհեր՝ թշնամու պատճառած, ինչպես և ներքին դրվածքից, դուք ասեք։
Նշաձողն իջեցրել է ոչ թե միջազգային հանրությունը, այլ ամենայն հայոց Ոչինչը։
«Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը