07 01 2023

Փաշինյանին կարող է տապալել Քոչարյանը, բայց Անդրանիկ. Politik.am

Փաշինյանին կարող է տապալել Քոչարյանը, բայց Անդրանիկ. Politik.am

politik.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում Հայաստանի ներսում կարողացել է ամրապնդել իր իշխանությունը, և հիմա կրկին անցել են իշխանության բարիքների վայելման գործընթացին։ Իշխանական թիմի ներսում էլ լարվածությունը թուլացել է, ու վտանգի զգացում չկա այլ քաղաքական ուժերից։ Հիմա իշխանության ներսում կրկին դավադրություններ են հյուսվում, ամեն մի կողմ ցանկանում է Փաշինյանի հնարավոր հեռանալու ժամանակ ամուր դիրքերում լինել ու ապագայում ավելի մեծ պատառ թռցնել իշխանական լափամանից։

Իշխանության ներսում մի քանի թևեր կան, որոնց մասին խոսել ենք ու դեռ կխոսենք, իսկ այսօր կխոսենք խարդավանքների փորձառու մասնագետ Անդրանիկ Քոչարյանի մասին։ Այս կերպարը ժամանակ զուր չի կորցրել ու այս ընթացքում բավական ամրացրել է իր դիրքերը։ Առաջին հերթին, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, Անդրանիկ Քոչարյանը կարողացել է բուտաֆորիկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում այնպիսի կադրեր խցկել բանակի ղեկավար կազմում, որ հիմա ինքն ավելի որոշիչ դեր ունի, քան պաշտպանության նախարարը։ Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանը նաև բանակի տենդերներով է հետաքրքրված։ Չպետք է մոռանալ, որ ԱԺ-ում բանակին և անվտանգությանն առնչվող ցանկացած որոշում անցնում է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի ձեռքի տակով, ու սա ևս մեկ լծակ է բանակի ու ուժային մյուս կառույցների վրա։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարել է, որ մի քանի օրից ներքին գործերի նախարար և փոխնախարար կնշանակվի։ Այս կառույցը մեկտեղելու է ԱԱԾ-ն և ոստիկանությունը ու դառնալու է սուպերնախարարություն՝ իր ձեռքի տակ եղած հնարավորություններով։ Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանին մշտապես հյուր գնացող Անդրանիկ Քոչարյանը փորձում է նախարարի այս պաշտոնն իր վստահելի մարդկանցից մեկի համար պոկել վարչապետից։ Անդրանիկ Քոչարյանի համար գործող ոստիկանապետը վստահելի անձ չէ, ուստի նա ուզում է ուժային այս սուպերկառույցն իրեն ենթակա մեկի ձեռքում տեսնել։

Շատերին զարմացնում է Անդրանիկ Քոչարյանի՝ ուժային կառույցներն իր ձեռքի տակ վերցնելու այս ջանասիրությունը։ Քաղաքակական փորձառություն ունեցողներն էլ հիշում են, թե 1999 թվականին Անդրանիկ Քոչարյանը և իր մի խումբ համախոհներ ինչպես էին փորձում իշխանություն վերցնել, երբ իրենց հովանավորյալ Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ ԱԺ դահլիճից դուրս չէր բերվել։ Անդրանիկ Քոչարյանը և իր մի շարք ընկերներ վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների պաշտոններն էին ուզել նախագահ Քոչարյանից՝ փոխարենը խոստանալով հավատարիմ ծառայել նրան։ Նախագահ Քոչարյանն իր աշխատասենյակից դուրս էր վռնդել Վազգեն Սարգսյանի արյան հաշվին իշխանություն ճանկելու փորձ անողներին։ Այս պատմությունն իմացողները մտավախություն ունեն, որ Քոչարյան Անդրանիկի ազդեցության մեծացումը կարող է թանկ նստել Նիկոլ Փաշինյանի վրա։ Ըստ որոշ աղբյուրների՝ Անդրանիկ Քոչարյանը հասցրել է իր ընկեր, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի (Շռան Վաղո) միջոցով ինչ-որ կապեր հաստատել և ռուսական որոշակի շրջանակների աջակցության խոստումներ ստանալ։

ՔՊ-ում կես կատակ, կես լուրջ ասում են, որ Փաշինյանին կարող է տապալել Քոչարյանը, բայց՝ Անդրանիկ։ Թե որքանով հեռուն կարող են գնալ Անդրանիկ Քոչարյանի պլանները, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է, որ նա որսի դուրս եկած գիշատչի նման հարմար պահը բաց չի թողնի։ Հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքերի ժամանակ իրենց պաշտոնների ակնկալիք ունենալու պատմությունը վկա։ Այդ մարդը, եթե կարողացել է նույնիսկ իր հովանավորյալ Վագզեն Սարգսյանի սպանությունը մի քանի ժամում հանգիստ տանել ու ակնկալել, որ նախագահ Քոչարյանը պետք է իրեն համակարգող նախարարի պաշտոն տա, ապա Նիկոլ Փաշինյանի հնարավոր տապալման դեպքում պաշտոնի ձգտումն իր համար մի բաժակ ջուր խմելու պես բան է լինելու։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ