Zham.am-ը գրում է․ Օրեր առաջ ինֆորմնացիա տարածվեց, թե Իրանը փակել է Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ, կապված վերջին իրադարձությունների հետ Լաչինի միջանցքի շուրջ: Իրականում, Իրանը դեռ չի փակել այդ կապը, բայց այդ մասին քննարկումներն Իրանում շարունակվում են: Օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ գտնվող թելեգրամյան ալիքներն ու կայքերը դրանք հնչեցրել են Ադրբեջանի և Թուրքիայի բանակների՝ Իրանին սահմանակից շրջաններում «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժություններից հետո:
Օրինակ, իրանական հատուկ ծառայություններին մոտ կանգնած «Bultan News» կայքը, որը պարբերաբար հակաադրբեջանական քարոզչություն է իրականացնում, կոչ է արել դադարեցնել Բիլասուվարից Նախիջևան ուղևորությունները: Կայքը նշում է, որ «այս ճանապարհը վերանորոգման լուրջ կարիք ունի և չի կարող օգտագործվել»։ Կոչի հեղինակները նաև ընդգծում են, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ վարժանքներ է անցկացրել «թալիշներով բնակեցված հարավային շրջաններում»։
Ըստ կայքի, «...ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Բիլասուվարում՝ Իրանի սահմաններից ոչ հեռու, վտանգում է Նախիջևան տանող ճանապարհի անվտանգությունը...»։
Դիտորդների կարծիքով Իրանում ընթացող այս քննարկումները լրջորեն մտահոգել են Բաքվին, քանզի եթե այդ ճանապարհը փակվի, ապա Նախիջևանի կախվածությունը Իրանից էլ ավելի կմեծանա: Ահա, թե ինչու են այս օրերին Նախիջևանում անցկացվում կադրային «մաքրումներ«։ Ի դեպ հենց այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի զգուշանալով Իրանի հնարավոր ազդեցության մեծացումից, փորձում է Ադրբեջանի այս տարածքում այնպիսի կադրերով ապահովել, որպեսզի այդ «վտանգը» չեզոքացվի: Հասկանալի է, եթե Իրանը մի օր որոշի փակել Նախիջևանը և Ադրբեջանը կապող ճանապարհը, ապա այդ տարածաշրջանն օբյեկտիվորեն կարեող է մեծ կախվածության մեջ հայտնվել Իրանից:
Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքի հետ կապված խնդրին, ապա իրանական լրատվամիջոցները նույնպես անդրադարձան այդ խնդրին, այն էլ ընդգծված հայամետ ձևակերպումներով:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը