14 12 2022

Փաշինյանի ստորագրած փաստաթղթի կետերի մի մասը չարիք են բերել և բերելու են մեր երկրին․ Մովսես Հակոբյան. 24news.am

Փաշինյանի ստորագրած փաստաթղթի կետերի մի մասը չարիք են բերել և բերելու են մեր երկրին․ Մովսես Հակոբյան. 24news.am

«Նոյեմբերի 9-ի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի կետերի մի մասը ըստ իս այլընտրանք չի ունեցել, բայց մի մասը, որոնք ստորագրվել են, չարիք են բերել ու բերելու են մեր երկրին: Այդ հայտարարությունը կարող էր մի քիչ ավելի լավը լինել, եթե դա լիներ հոկտեմբերի 19-ի հայտարարություն։ Եթե լիներ հոկտեմբերի 7-ին, ավելի լավը կլիներ քան 19-ինը, իսկ եթե լիներ մինչև պատերազմը, մենք ավելի շահեկան վիճակում կլինեինք»,- 24TV-ի եթերում ասաց  ԳՇ նախկին պետ, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Նրա խոսքով ,ՀՀ-ն փչացրել է հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ` չօգտագործելով տրված հնարավորությունները, իսկ հնարավորություններ կան, որոնց ճիշտ օգտագործման պարագայում բազմաթիվ հարցեր կարող են լուծվել։ Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ ԳՇ նախկին պետը նշեց․ «Ադրբեջանը տեռորի է ենթարկում արցախահայությանը, որ թողնեն հեռանան։ Լաչինի միջանցքը անընդհատ փակվելու է, իսկ մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ սադրանքների»։

Հարցին՝  ընդդիմության քննադատությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, որ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, նա արձագանքեց․ «Այս պարագայում ես ընդդիմության հետ համաձայն եմ, բանակցություններից երևում է, որ որևէ ֆորմատում Արցախի շուրջ ՀՀ իշխանությունը քննարկում չի իրականացրել»։

Դիտարկմանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա ԼՂ վարչաքաղաքական միավոր արտահայտությունը, դա արդեն ինչ-որ կարգավիճակ է, ԳՇ նախկին պետը պատասխանեց․ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է։ Եթե դուք չեք կարողանում այնտեղ հասկանալ Արցախի կարգավիճակը, ապա ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես այդ հարցերով չզբաղվել։ Այդ փաստաթուղթը անժամկետ չի, 2025 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե նոր փաստաթուղթ չստորագրվի, ապա այդ փաստաթղթի գոյությունը և այդտեղ գրված կետերը կորցնելու են իրենց արդիականությունը»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ