2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամեն ինչ գրված է, որևէ նոր բան չկա։ Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերը համադրելու, փաստաթղթերի էությունը հասկանալու դեպքում որևէ բան անակնկալ չի լինի, բայց ամեն ինչ դեռևս շարունակվում է, դեռ գործ կա անելու։ Էրդողանը, Ալիևն այս երեք օրվա ընթացքում երեք անգամ արդեն հիշեցրել են այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ այսօր փաստացի շատ ավելի վատ իրավիճակում ենք, քան՝ 2020թ նոյեմբերի 9-ին, երբ 44-օրյա պատերազմը դադարեցնելու համար կապիտուլյացիոն ակտ ստորագրվեց։ Դրանից երեք տարի անց Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, ՀՀ տարածքի որոշ հատվածներ իշխանությունը սեփական կամքով զիջեց, եւս 200 քկմ էլ Ադրբեջանն օկուպացրեց, իսկ հիմա էլ ութ գյուղ է պահանջում՝ դրանք որակելով որպես անկլավ։ Ու այդպես էլ պարզ չէ, թե որ թվականի քարտեզով է Ադրբեջանն առաջնորդվում։
«Իհարկե, կանխատեսելի է եղել, նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում»,- նշեց Հակոբյանը։
Հարցին՝ արդյո՞ք Արցախի էջն արդեն փակված պետք է համարենք, Մովսես Հակոբյանը պատասխանեց․ «Այսօր և վաղը՝ այո, փակված է»։
Դիտարկմանը, որ 30 տարի որևէ ադրբեջանցի չի բնակվել Արցախում, բայց իրենք էջը փակված չեն համարել, ինչու ենք մենք այսօր այդպես փակում Արցախի էջը, Հակոբյանն արձագանքեց. «եթե մենք էլխելոք աշխատենք, գուցե 30 տարի, 10 տարի հետո ադրբեջանցին այնտեղ չապրի․ «Ոչ մի բան չի կարելի բացառել, ընդամենը պետք է նպատակաուղղված աշխատել, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ անել, այլ ձայնը կտրած, լուռ ու մունջ աշխատել։ Աշխարհում չկա որևէ բան, որի մասին մտածես ու չկարողանաս իրագործել, մնում է՝ գործողությունները ճիշտ և նպատակային լինի»։
Իսկ թե արդյո՞ք այդ տրամադրվածությունն այսօր տեսնում է քաղաքացիների շրջանում, Հակոբյանը նշում է՝ հասարակության մեջ կան մարդիկ, որոնցում տեսնում է, կան մարդիկ՝ չի տեսնում։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում արցախցիների շրջանում լարվածություն ստեղծելուն, ապա Հակոբյանը գտնում է, որ հակառակորդի նպատակներն են իրականացվում, դա հակառակորդի ցանկությունն է։
ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման պատասխանատուն ՀՀ ԶՈՒ-երն են, ինչու քայլեր չեն ձեռնարկում՝ տարածքային ամբողջականության պահպանման համար, այլ՝ պարզապես հլու-հնազանդ, ենթարկվելով քաղաքական իշխանությանը, թույլ են տալիս հակառակորդին տեղակայվել ՀՀ տարածքում՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Մովսես Հակոբյանն արձագանքեց՝ հարցադրումը ճիշտ է, բայց հարցի պատասխանատուն ինքը չէ․ «Չգիտեմ՝ ուզում են, չեն կարողանում անել, թե՝ չեն կարողանում անել։ Դրանք տարբեր բաներ են»։
Իսկ թե արդյո՞ք դրա պատճառը նաև վերջին տարիներին հետևողականորեն բանակի գլխատումն է, գեներալների նկատմամբ տարբեր քրեական հետապնդումները, պաշտոնից ազատումները, գուցե՝ պարզապես ԶՈՒ-երում չեն մնացել սպայական կազմի այն անձինք, որոնք կարող են և ցանկանում են, Հակոբյանը նշում է՝ « Գիտեք, Դուք, ես, մի քանի մարդիկ կարող ենք այդպես մտածել, բայց ով այսօր պատասխանատու է, դա կոչում է բարեփոխում»։
Ամփոփելով զրույցը՝ գեներալ-գնդապետը նշեց. «Քիչ խոսեք, նպատակ դրեք ու արեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը