Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը չի բացառում, որ կվերանայվի Արցախից տարհանվածներին տրված բնակարանի սերտեֆիկատի իրացման պայմանները։ Նախարարն այս եզրահանգմանը եկել է քաշաթաղցիների հետ տասն օր առաջ ունեցած հանդիում-քննարկումներից հետո՝ հասկանալով, որ արդարացի են պահանջները։ «Մենք հանդիպում ենք ունեցել տեղահանված քաշաթաղցիների հետ, իրենք հարցեր են բարձրացրել եւ դրանց մեծ մասին մենք դրական ենք արձագանքել:
Օրինակ, եթե մինչեւ մեր հանդիպումը բանկերը ընտանիքի բոլոր անդամների վարկունակությունյ, վարկային պատմությունն էր դիտարկում, հիմա մենք բանկերի ու ԿԲ-ի հետ քննարկում ենք, որպեսզի բանկերը առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեն եւ այդ վարկունակությունը չդիտարկվի, խոսքը վերաբերում է «սեւ ցուցակներում» ընդգրկվածներին:
Քաշաթաղցիների կողմից հարց էր բարձրացվել, ասում էին, որ արդեն ուսումնասիրել են տարբեր մարզերում հողակտորներ, եւ ցանկանում են, որ հնարավորություն տրվի այդ 10 մլն դրամի մի որոշ մասը տրամադրել հողակտոր գնելուն, մյուս հատվածը կառուցմանը: Դա չկար ծրագրում: Մենք դրան դրական ենք արձագանքել»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագրով նախատեսվում է մինչեւ 8-14 մլն դրամ հատկացնել բնակարաններ ձեռք բերելու համար: Քաշաթաղցիները բողոքում են, որ բանկերը իրենց հավանած տները ավելի ցածր են գնահատում եւ 10 մլն-ի փոխարեն ավելի քիչ գումար են տալիս: Նաեւ շատերին վարկ չեն տրամադրում՝ հաշվի առնելով նրանց վարկունակությունը: Արդյունքում շատ քչերն են կարողանում օգտվել այդ ծրագրից, որը մեկ տարի ժամկետով է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը