16 11 2022

Դատարանը կարծում է, որ Խաչատուր Սուքիասյանը չի գիտակցել, որ զրպարտում է Արմեն Գևորգյանին. Hraparak.am

Դատարանը կարծում է, որ Խաչատուր Սուքիասյանը չի գիտակցել, որ զրպարտում է Արմեն Գևորգյանին. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

«Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը եզրզկացրել է, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պարտավոր չէ գիտակցել իր կողմից հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը, քանի որ նա իրավաբանի կրթություն չունի։ Դատավորը նման եզրահանգման է եկել «Արմեն Գեւորգյանը՝ ընդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործի շրջանակներում։ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանը 17․09․2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի, դատարանից պահանջելով՝ Սուքիասյանին պարտավորեցնել, որ նա հերքի Գեւորգյանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող տեղեկությունները։

Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Գեւորգյանի հասցեին ասել էր․ «Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք՝ 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի էդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի, ընտրություններ ա. էդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում: Բայց էդ ընթացքում ի՞նչ էր լինում. հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գեւորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլարի տեր ա: Մեկդ չի՞ հարցնում` որտեղի՞ց իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ո՞վ ա էդ իրավունքը տվել»:

Այս արտահայտությունները դատարանը չի համարել Գեւորգյանի նկատմամբ զրպարտություն՝ հիմնավորելով, որ Սուքիասյանը քննչական մարմնի տարածած հաղորդագրության հիման վրա դատողական-գնահատողական եզրահանգումներ է արել՝ չհասկանալով դրանց իրավական բովանդակությունը: Եվ իր որոշման մեջ գրել է, որ Վճռաբեկ դատարանը հրահանգել է, որ «դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով, թե արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է՝ արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում»:

Եվ դատարանը եզրահանգել է, որ պատասխանողը փաստական հիմքի վրա գնահատողական դատողություններ է ներկայացրել: parliament.am կայքից դատարանը պարզել է, որ Խաչատուր Սուքիասյանը չունի իրավաբանի կրթություն։ Իսկ հնչեցված արտահայտություններին նախորդել են ՀՔԾ կայքէջում եւ մամուլում հրապարակված հոդվածները` «Արմեն Գեւորգյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ», որոնց վրա էլ, ըստ դատարանի, հենվել է Խ. Սուքիասյանը` վստահելով դրանց, քանի որ իրավաբանական կրթություն չունի: Դատարանը փաստել է, որ Սուքիասյանի հնչեցրած արտահայտությունները հանդիսացել են պատասխանողի սուբյեկտիվ գնահատականը, եւ գտել է, որ պատասխանողը, չլինելով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը, ուստի չեն կարող հանդիսանալ զրպարտչական բնույթ կրող «փաստացի հայտարարություններ» եւ թույլատրելի են խոսքի ազատության տեսանկյունից։ Դատարանն անդրադարձել է նաեւ Սուքիասյանի խոսքում նշված` Արմեն Գեւոգյանին պատկանող 57 գույքին: Այստեղ էլ է դատավորը լուծումը գտել, գրել է, որ «դրանից չի փոփոխվում պատասխանողի ելույթի ընդհանուր իմաստը եւ բնույթը, այն չունի էական նշանակություն»։

Ինչպես ասում են` տեղ հասանք, իջեք: Դուք պատկերացնո՞ւմ եք` եթե դատարաններն աշխատեն այս տրամաբանությամբ, ինչի կարող է սա հանգեցնել: Յուրաքանչյուր գործով կարելի է փաստել, որ մեղադրյալը կամ քաղաքացիական գործով պատասխանողը չի իմացել օրենքը, իրավաբան չէ, ուստի նրան պետք է ազատել պատասխանատվությունից: Փողոցում երթեւեկության կանո՞ն եք խախտել` վթար առաջացրել, չեք իմացել երթեւեկության այդ կանոնը: Հարկե՞ր եք թաքցրել, ապօրինի գործա՞րք եք կատարել, հիմնարկի ղեկավար եք, որտեղ յուրացո՞ւմ է եղել… այս բոլոր դեպքերում կարող եք անմեղ ճանաչվել, քանի որ չեք տիրապետել օրենքի նրբություններին, իրավաբան չեք` մանկավարժ եք, բժիշկ եք, տնտեսագետ եք եւ այլն: Առավել եւս` ոչ մի լրատվամիջոցի դեմ դատարաններն այլեւս չպետք է որոշում կայացնեն եւ բավարարեն զրպարտության ու վիրավորանքի գործերով հայցերը, որովհետեւ լրագրողներն իրավաբան չեն եւ չեն գիտակցել իրենց խոսքի` զրպարտելու կամ վիրավորելու հետեւանքները: Սա իրավաբանության հիմքերը խարխլող որոշում է, որովհետեւ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողներն անգամ գիտեն, եւ ցանկացած գրագետ մարդ գիտի, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Առավել զավեշտալի է, երբ դատարանը կարծում է, որ օրենսդիրը` պատգամավորը, ով օրենքներ է գրում, պարտավոր չէ իմանալ տարրական օրենքները եւ գիտակցել իր արարքների ու խոսքի պատասխանատվությունը: Ինչպե՞ս է ստացվում, որ «զրպարտություն» եզրույթը չգիտակցող, դիմացինի արժանապատվությունը հարգելու անընդունակ անձը պատգամավորի պաշտոն է զբաղեցնում։

Հիմա գանք գլխավորին` ո՞վ է այս զարմանահրաշ վճիռը կայացնող դատավորը, ով նորամուծություն է մտցրել իրավաբանության մեջ` հիմնահատակ ոչնչացնելով իրավաբանության հիմքերը: Նա Երեւանի դատավոր Սերգեյ Սահակյանն է: Ուշագրավ է, որ Խաչատուր Սուքիասյանի՝ իրավաբանի կրթություն չունենալու եւ իրավական բովանդակությունը չհասկանալու վերաբերյալ միտքը նրա փաստաբանը չի էլ ասել: Պատասխանողի դիրքորոշման մեջ դա առկա չէ, դատարանն ինքն է իր նախաձեռնությամբ ուսումնասիրել ԱԺ կայքը եւ գտել այս զարմանահրաշ բացատրությունը, որպեսզի Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցը մերժի: Ի դեպ, եթե մենք նորմալ երկիր լինեինք, հենց այս վճիռը պետք է դառնար արդարադատության նախարարության կողմից վարույթ հարուցելու հիմք եւ ԲԴԽ քննության առարկա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ