12 11 2022

Ժիրայր Լիպարիտյանի թեզով, թշնամի են ոչ թե թուրքերը, այլ թշնամի են նախկինները․ թուրքագետ



 

Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները՝ «Ալիևը կիրթ ու կառուցողական տպավորություն թողեց», երեկ ավելացան ևս մեկով՝ «Էրդողանը դրական տպավորություն է թողել» և ասում է, որ իրենց խոսույթները համատեղելի են։ Այս մասին ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ իր ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքի շնորհանդեսի ժամանակ։

Ռուբեն Մելքոնյանը ելույթում վերլուծեց և մեջբերումներ արեց գրքից․

«Հիմա Լիպարիտյանի թեզը․ «Թշնամի են ոչ թե թուրքերը, այլ թշնամի են նախկինները» և շատ հստակ իր աշխատության մեջ ուղիղ մեղադրում է, վիրավորում է նախկին իշխանություններին։ Սա շատ նման է այն միաբջիջ թեզին, որ փաշինյանական էլեկտորատի մի ներկայացուցիչ ասաց՝ թող Ալիևը գա մեր ու մանուկ կոտորի, մենակ նախկինները չգան։ Հիմա ի՞նչ է ասում Լիպարիտյանը։

Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Դավութօղուլին անվանում է լայնածիր գիտության տեր անձ։ Էրդողանի մասին ասում է․ «Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման հարցի միջազգայնացումից ի վեր Էրդողանը միակ թուրք առաջնորդն է և առաջինն է, որ նոր մոտեցում կիրառեց»։ Սա միգուցե հասկանալի կլիներ, եթե այս նրբանկատությունը, դրսևորվեր նաև մեր նախկին իշխանությունների հանդեպ։

Հատկապես Լիպարիտյանի թիրախում է երկրորդ նախագահը և առկա է եթե չասեմ կոպիտ, ապա չարացած վերաբերմունք նրա հանդեպ։ Օրինակ․ «Իր իշխանության 10 տարիների ընթացքում Քոչարյանը որոշ թուլակամ փորձեր արեց ԼՂՀ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն դա նրա առաջնային օրակարգը չէր»։ Ուրեմն, «Էրդողանը համարձակ քայլեր արեց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, Քոչարյանը թուլակամ քայլեր արեց Արցախի հետ կապված»։

Մյուս հաեմատությունը․ «Քոչարյանի հիշողությունն ու դատողությունը ցածր մակարդակի վրա են։ Համեմատենք՝ «Դավութօղլուն լայնածիր գիտության տեր անձ է»։ Եվ այսպես շարունակ։

Ես ավելի լավ չեմ կարող ասել, քան ժամանակին մարգարեաբար ասել է Գարեգին Նժդեհը․ «Տես, իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն, և արդեն շատերի մեջ սկսել է խոսել ներումը դեպի թրքություն։ Մամուլում իրար քննադատողներն անխնա են (խոսքը 30-ականների մասին է), որպիսին չէին և վաղը չեն լինելու թուրքի հանդեպ»։ Այսինքն, այն ինչ հիմա տեղի է ունենում, ըստ էության, կանխպատեված էր Նժդեհի կողմից։

Մյուս թեզը՝ «նախկիները Մեղրին հանձնում էին»։ Լիպարիտյանի հայտնի թեզն է։

Ես ինձ չեմ համարում Արցախի խնդրի խորագիտակ մասնագետ, բայց Լիպարիտյանի կատեգորիկ գնահատականները, որոնք վերաբերում են Արցախի հարցի որոշ դրվագներին, ինձ մոտ էլ հարցականներ են առաջացրել, մանավադ եթե դրանք համեմատում ենք երեք նախագահների հարցազրույցների, հրապարակված բանակցված փաստաթղթերի ևայլն։

Լիխարիտյանի վերլուծությունը․ «Ալիևը և Քոչարյանը սկզբունքորեն համաձայնություն կայացրեցին Ղարաբաղի հարցը լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային փոխանակման հիմունքով։ Ադրբեջանը Հայաստանին էր զիջելու Ղարաբաղը, իսկ Հայաստանն իր հերթին Ադրբեջանին էր հանձնելու Հայաստանի հարավը՝ Մեղրիի շրջանը, որը Իրանի և Թուրքիայի սահմանակից Նախջևանը կբաժաներ Ադրբեջանի գլխավոր մասին»։

Եվ ինչո՞ւ չի եղել սա, պարոն Լիպարիտյանի «խորքային» վերլուծությունը՝ մեկ նախադասության մեջ․ «Տարբեր պատճառներով անիրագործելի այդ ծրագիրն առաջ չգնաց»։ Նման հայտարարություն կամ նույնիսկ կարելի է ասել մեղադրանք ներկայացնել և սահմանափակվել ոչինչ չասող մեկ նախադասությամբ, թե ինչու դա տեղի չունեցավ, առնվազն լուրջ չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ