09 11 2022

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա

Մենք վատ ենք վերաբերվում ցանկացած ապակառուցողական քարոզչությանը, լինի դա ԶԼՄ-ներում, թե քաղաքական բնույթի։ Կարեւոր չէ, թե ինչին է դա վերաբերում։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Արցախում ռուս խաղաղապահների հասցեին Ադրբեջանի կողմից քննադատությունն ու հարձակումները։

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին եւ նրանց գործունեության գնահատականին, երեք երկրների ղեկավարները Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի առանցքային ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում եւ ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը, որն արձանագրվել է համատեղ հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է կեղտին, որը դրա շուրջը հայտնվում է, ապա ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում։ Դա, ցավոք, մեր աշխարհի օրենքն է»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ հետեւողական ջանքեր եւ հետագա քայլեր են ձեռնարկվում երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման համար։ Խոսքը հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների ու խորհրդարանականների միջեւ երկխոսության զարգացման մասին է։

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Երեւանին եւ Բաքվին՝ Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման հասնելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ