Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն հարցն է, որն արժեր թողնել հաջորդ սերունդներին, երբ կձևավորվեն բոլորին ընդունելի պայմաններ հարցի արդար լուծման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 1-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա կարևորել է Սոչիի եռակողմ հանդիպումը՝ նշելով , որ եկել է կարգավորման բոլոր ամենաբարդ հարցերի առարկայական քննարկման ժամանակը։
Դեսպանը հիշեցրել է Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ բոլոր հարցերի վերաբերյալ չէ, որ հաջողվել է պայմանավորվել․ «Այնուամենայնիվ շատ կարևոր է, որ քննարկումը կայացավ և կողմերը պատրաստակամություն դրսևորեցին՝ առաջ շարժվելու կարգավորման ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև այն, որ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանում, և սա ակնհայտ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը, չնայած խնդիրներին, որոնք պետք է հիմա լուծել այլ տարածաշրջաններում, մեծ ուշադրություն է հատկացնում Հարավային Կովկասի իրավիճակին և չի թուլացնում ջանքերը կարգավորման ոլորտում»,- ասել է Կոպիրկինը։
Դեսպանը կրկնել է Վլադիմիր Պուտինի խոսքերն առ այն, որ կարգավորման ամբողջ համալիրը պետք է լինի Հայաստանի ևԱդրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և դրույթներին, որոնք պետք է մտնեն դրա մեջ, դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից՝ առայժմ կան հարցեր, որոնք չի հաջողվում համաձայնեցնել, բայց որոնց ուղղությամբ աշխատանքը կշարունակվի»,- ամփոփել է դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը