12 10 2022

Թուրքիան և նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը. Արմեն Գևորգյան

Թուրքիան և նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը. Արմեն Գևորգյան

«Այս վեհաժողովում շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Նրանցից ոմանք հույս ունեին, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի արդյունքում Թուրքիան կսկսեր ապրել եվրոպական խաղի կանոններով։ Բայց այդ հեռանկարը, ամենայն հավանականությամբ, հօդս է ցնդել։ Թուրքիան ինքն է մերժել այս ուղին, որպեսզի մուսուլմանական աշխարհի և ավելի լայն տարածաշրջանի առաջնորդ դառնալու սեփական հավակնություններին հասնի առանց որևէ արտաքին պարտավորությունների կամ հանձնառությունների»,-հայտարարել է Հայաստանի պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը՝  ելույթ ունենալով  ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 12-ին կայացած «Թուրքիայի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ.

Գևորգյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Նախկինում եղել եմ հայկական երկու վարչակազմերի անդամ, որոնք փորձել են նոր հարաբերությունների շուրջ բանակցություններ վարել Թուրքիայի հետ։ Նախորդ բոլոր դեպքերում, չնայած միջազգային աջակցությանը կամ ճնշումներին, ինչ-որ պահի Թուրքիան միշտ առաջ է քաշել նախապայմանների լեզուն՝ խարխլելով ողջ գործընթացը։

Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները։ Ոչ էլ երբևէ թաքցրել է իր քաղաքական, ռազմական և այլ աջակցությունն ու հովանավորությունն Ադրբեջանին՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ։ Թուրքիան և նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը, կառուցել տարածաշրջանային անվտանգության և կայունության նոր ճարտարապետություն՝ թյուրքական աշխարհի լիիրավ գերիշխանությամբ և հնարավորինս չեզոքացնելով այսպես կոչված հայկական հարցը։ Միևնույն ժամանակ թուրքական գործոնը նաև Եվրոպական շատ երկրների համար լուրջ ներքաղաքական մարտահրավեր է դարձել։

Այս օրերին մենք ականատես ենք հայ-թուրքական նոր երկխոսության, և պետք է հիշել՝ անարդար խաղաղությունը միշտ երերուն է։ Մտահոգություններ կան, որ նման երկխոսությունը կրկին կդառնա Թուրքիայի գերիշխանության ցուցադրությունը, որտեղ նա կվերափոխի տարածաշրջանը՝ յուրաքանչյուր ազգի համար դերերի իր ընկալմամբ:

Հարգելի' գործընկերներ,

Վերջերս Ստրասբուրգում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս մեկ անգամ պահանջներ է ներկայացրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Նա հակահայկական հռետորաբանության թարմ օրինակ ցույց տվեց՝ կոչ անելով ժողովրդավարական Ֆրանսիայում թուրքական էթնիկ համայնքին ընդդիմանալ ֆրանսահայերին, մարդկանց, ովքեր վերջին 100 տարում միայն մեծարել և էապես նպաստել են ողջ ժողովրդավարական և ազատ Եվրոպայի զարգացմանը։ Ահա թե ինչու եմ ուզում, որ բոլորն իմանան՝ ոչ միայն հայկական սփյուռքում, այլև Հայաստանում մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ վստահել մի հարևանի, ով չի գիտակցում, թե ինչ է արել անցյալում և խելամիտ եզրահանգումներ չի կատարում իր ներկայիս քաղաքականության մեջ, հարևան, որը նախընտրում է էթնոկրոնական տրամադրություններն ու առաջնահերթությունները տարածաշրջանային հարաբերություններում:

Պարոն նախագահ,

Չեմ հավատում, որ մեր կազմակերպությունը կամ եվրոպական արժեքների վրա հիմնված որևէ կազմակերպություն պետք է թույլ տա Թուրքիային սպասարկել իր կարճաժամկետ շահերը՝ զոհաբերելով երկարաժամկետ եվրոպական վստահությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ