«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչ Ուկրաինայում պատերազմը սկսվել է, Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացել է Արևել յան Եվրոպայի ուղղությամբ։ Բայց Մոսկվան փորձում է իր դիրքերը պահպանել նաև այլ տարածաշրջաններում, որտեղ ևս իրեն զգալ է տալիս Ռուսաստան-Արևմուտք սուր դիմակայությունը։ Այդ դիմակայությունը պրոյեկտվում է նաև Հարավային Կովկասի վրա, որը Ռուսաստանը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Սակայն, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը կոնկրետ, առարկայական ներկայություն ունի մեր տարածաշրջանում։ Եվ պատահական չէ, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունները կանգնեցվեցին միայն Ռուսաստանի միջնորդությամբ։
Սակայն տեսնելով, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կարող է ամբողջությամբ միջնորդական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, Արևմուտքը սկսեց իսկույն գործի անցնել։ Դրա արդյունքում էր, որ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում և արևմտյան այլ քաղաքներում նախաձեռնվեցին Փաշինյան-Ալիև հանդիպումները։ Իսկ անցած տարվա կեսերից սկսած արդեն Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան միջնորդությամբ հանդիպումներից ու առաջ է քաշում երկկողմ, «ուղիղ» բանակցությունների օրակարգը։ Բայց Արևմուտքը և Ռուսաստանը շարունակում են մրցակցել, թե ով կկարողանա իր ձեռքը վերցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդական փայտիկը։
Փաստացի ստացվում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը այս հարցում միատեսակ դիրքորոշում ունեն, այլ հարց է, որ Արևմուտքը ոչ միայն փորձում է թույլ չտալ, որ Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը Ռուսաստանն իրականացնի, այլև ամեն ջանք գործադրում է, որ Ռուսաստանն ընդհանրապես դուրս գա տարածաշրջանից։ Ի դեպ, ՌԴ արտգործնախարարը բավական թափանցիկ հայտարարություն արեց՝ նշելով, թե Արցախի կարգավիճակի թեման փակել է Նիկոլ Փաշինյանը, և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել Արևմուտքի աջակցությամբ։ Պարզ է՝ Արևմուտքը հաշվարկել է, որ եթե Արցախի կարգավիճակի հարցը փակվում է, ռուս խաղաղապահների մնալը դառնում է անիմաստ, ու հայ-ադրբեջանական հարաբերություններն իրենց միջնորդությամբ կարգավորվում են։ Այս ամենով նախադրյալներ են ստեղծվում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու համար։ Բայց քանի որ Արևմուտքը անմիջականորեն ներկայություն չունի մեր տարածաշրջանում, ապա ինչպե՞ս է Ռուսաստանին դուրս մղելու Հարավային Կովկասից։
Օրինակ՝ Հայաստանը տնտեսապես, էներգետիկ ու անվտանգային տեսանկյունից բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ Արևմուտքն ուղղակի ի վիճակի չէ այդ իրավիճակը փոխել։ Այս հարցում է, որ Արևմուտքին օգտակար ծառայություններ կարող է մատուցել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիան, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո կարող է բացել հայ-թուրքական սահմանը։ Իսկ երբ հայ-թուրքական սահմանը բացվի, ապա ՀՀ տնտեսությունը կվերակողմնորոշվի դեպի Թուրքիա։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ձգտում է Արևմուտքից անկախ իր առանձին խաղն առաջ տանել, որի դեպքում Հարավային Կովկասն ամբողջությամբ թուրքական ազդեցության տակ կհայտնվի՝ ճանապարհ բացելով պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Իսկ Ռուսաստանը կարող է Հարավային Կովկասը բերել իր ինտեգրացիոն դաշտ այն դեպքում, եթե Ադրբեջանից դուրս մղի Թուրքիային ու վերականգնի տարածաշրջանում և Հայաստանում իր թուլացած դիրքերը։ Բայց Ադրբեջանից Թուրքիային հանելու համար Ռուսաստանին պետք է ունենալ ուժեղ Հայաստան։ Իսկ թե իրադարձությունները որ սցենարով կզարգանան, կախված է նաև ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձություններից։
Ի դեպ, Լավրովի նշյալ հայտարարությունները չափազանց ցավոտ են ընդունել իշխանականներն ու իշխանության սատելիտները, այն է՝ այսպես կոչված՝ արևմտամետները: Եվ այստեղ դժվար է ավելի դիպուկ բնութագրել իրավիճակը, քան սոցցանցային իր էջում արել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը. «Լավրովի ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանի բուծած արևմտամետները Ռուսաստանը հռչակեցին «թշնամական պետություն»: Միայն այսօրվա իշխանությունն ու նրա արբանյակները «քաղաքական խիզախության» նման «աննախադեպություն» կարող են ունենալ՝ «ռացիոնալ» զիջողականություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերություններում և մաքսիմալիստական ամբարտավանություն՝ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում»:
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը