ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ չսադրված ռազմական ագրեսիային: Խոսելով նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման, ինչպես նաև կողմերի՝ խաղաղության հաստատման հարցում իսկապես հետաքրքրված լինելու մասին՝ Փրայսն ասել է ամերիկյան կողմի համար կարևոր էր կողմերի միջև հանդիպում կազմակերպելը:
«Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու առաջնորդների հետ, բայց սա բռնությունների վերջին բռնկումից հետո երկու արտգործնախարարների միջև առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր: Պետքարտուղարը երկու ղեկավարներին նշել է հրադադարի պահպանման կարևորությունը, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու սրան երկկողմ, բազմակողմ (ձևաչափերով), գործընկերների հետ միասին: Սա ներառում է մեր աջակցությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ առաջներդների միջև հանդիպում կազմակերպելու ջանքերին:
Նրանք այդ հանդիպման ընթացքում քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, և պետքարտուղարն առաջարկել է կողմերին մտքեր փոխանակել, թե ինչպես բովանդակալից առաջ տանել խաղաղ գործընթացը մինչև ամսվա վերջ:
Մեր ուղերձը տևական ժամանակ հետևողական է. մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքերը, կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա հասկացրել ենք մասնավոր կերպով: Մենք դա նաև հրապարակայնորեն հայտնել ենք, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, ներառյալ բարձր մակարդակներով, ներառյալ անցյալ շաբաթ Նյու Յորքում՝ երկու երկրների հետ, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար և դրան կարելի է հասնել. այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- եզրափակել է Փրայսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը