ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Արցախը եղել է, կա և լինելու է։
Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։
ԱՀ անկախության հարցում անընդունելի են առանց Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու հայտարարություններ, հարցազրույցներ և դիրքորոշումներ հայտնելը։
2020թ. սեպտեմբերի 27-ը մեր կյանքը բաժանել է 2 մասի 'մինչև և հետո։
Տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջանի ճանապարհը հարթ չէ։ Այն շատ լավ գիտակցում են ԱՀ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը։
Արցախի խորհրդարանի խմբակցություններն իրենց հայտարարություններում անընդունելի են համարել Ադրբեջանի կազմում կամ դրա շուրջ ցանկացած քննարկում։ Դա այն կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու ։
Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել և այսօր էլ վերահաստատել է , որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։
Անկախության համար այս երկար ու ձիգ տարիներին մենք չափազանց թանկ գին ենք վճարել։ Արցախի նորօրյա պատմությունը, պետական սահմանը գծվել են մեր զոհված ազատամարտիկների արյան գնով։
Սիրելի' հայրենակիցներ
Մենք մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը