09 09 2022

Թշնամին գնում է Սյունիքի արցախականացման ուղղությամբ. Տաթևիկ Հայրապետյան



 Կոմունիկացիաների բացումը բնականաբար ձեռնտու է Հայաստանին՝ առևտրաշրջանառության առումով, բայց Ադրբեջանը ի՞նչ ճանապարհ է մեզ համար պատրաստվում բացել, ի՞նչ անվտանգություն է գործելու: Բոլորը խոսում են Նախիջևանը Ադրբեջանին կապող մեր տարածքով անցնող ճանապարհի և կարգավորումների  մասին, բայց որևէ մեկը դեռ չի խոսում, թե ինչ հնարավորություններ է ունենալու հայկական կողմը դեպի ՌԴ այդ տարանցիկ ճանապարհով դուրս գալու համար: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ նկատելով, որ թերահավատ է, որ Ադրբեջանը պատրաստվում է հայաստանին ճանապարհ տալ:

«Մեր հարևանները մի քանի հեռահար նպատակ ունեն՝ փակել Արցախի հիմնահարցը, որից հետո գնալ Սյունիքի արցախականացման ուղղությամբ: Այսինքն, Սյունիքը դարձնել հետագայում վիճելի տարածք, եթե այսօր որոշում կայացնողների մեջ չկա այդ հստակ պատկերացումը ապա դա շատ ցավալի է: Դա նշանակում է՝ իրենք ընդհանրապես ծանոթ չեն Ադրբեջանի քաղաքականությանը որդեգրած գծին»,-ասաց Հայրապետյանը:

Հարցն՝ հնարավոր է համարում առաջիկայում «խաղաղության պայմանագիր» ստորագրելը, նախկին պատգամավորը նշում է.

«Փաշինյանի և իր իշխանության պայմաններում ոչինչ չեմ բացառում, եթե խոսում ենք իրական խաղաղության մասին, չկա այդպիսի հնարավորություն, որովհետև Ադրբեջանը Հայաստանի հանդեպ իրականացնում է պետական մակարդակով էթնիկ ատելության քաղաքականություն, դա ամրագրվում է նաև միջազգային զեկույցներում: Ադրբեջանը խաղաղության պայմանագրով հասկանում է Արցախի հարցի վերջնական փակում, թե ի՞նչ է հակսանում հայկական կողմը, մինչ օրս մնում է անհասկանալի, դատելով իշխանական ներկայացուցչների հայտարարություններից, իրենք փորձում են համոզել՝ Արցախը չի ունեցել որևէ հնարավորությւն, դատապարտված է: Դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Եթե բոլոր նախկին փաթեթներով Արցախը չունենար հնարավորություն անկախ լինելու, Ադրբեջանը շատ հանգիստ կընդուներ այդ փաթեթները, Արցախը կլիներ Ադրբեջանի մաս: Քանի որ դա այդպես չի եղել, դրա համար էլ Ադրբեջանը գանցել է ռազմական ճանապարհով»:

Արդբեջանագետի խոսքով, հայկական կողմը շահագրգռված է  խաղաղության պյամանագրով քանի որ վախ ունի ռազմական էսկալացիայից. «Անկարողություն, հարցեր լուծելու, օրակարգեր ընդհանրապես չեն կարղանում ձևավորել, որևէ բովանդակային քննակում չեն կարողանում առաջադրել ո'չ դաշնակիցների, ո'չ հակառակորդների հետ: Նայեք բանակցային սեղաններին՝ ի՞նչ օրակարգ է առաջարկում Հայաստանը, ո՞րն է իր պատկերացրած խաղաղությունը, թող ներակայացնեն: Եթե վերադառնանք իրենց նախընտրական ծրագրին, իրենք արդեն ընդունում են, որ այդ նախընտրական ծրագիրն արդեն խախտել են. Ի՞նչ Հադրութ, Շուշիի դեօկուպացիա... անգամ հրաժարվում են ասել՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, իքնորոշման իրավունքն էլ ծալեցին դրեցին հեռավոր դարակում: Քանի որ անկարող և անճար մարդիկ են, ունակ չեն կառավարելու դրա համար գնում են լավագույն դեպքում դիմադրելուն, վատագույն դեպքում տարածքներ զիջելուն»:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ