Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու․ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին։
Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
««Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս վերաբերում է մեր երկրի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։
Թեև Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, սակայն վերջին չորս տարիներին դրանք չի կատարել։ Ինչ վերաբերում է երկու երկրներում էլ գործընթացում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման վերաբերյալ տեսակետներին, ապա պետք է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքներում երրորդ կողմի ներգրավվածությունը։ Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարություններին ի պատասխան։
Սա ևս մեկ անգամ փաստում է՝ Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու։ Մյուս կողմից էլ, մինչ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին, Ադրբեջանը շարունակում է դնել ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ՝ դրանով իսկ ուղիղ միջամտելով ՀՀ ներքին գործերին»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը