Մի ազգուրաց ստախոս կա: Լյումպենի ու անհայրենիքների պաշտելի կուռքը: Դե նա, որ մեկ տարի առաջ եռագույն «բանծիկով» մուրճ էր թափահարում հայերի դեմ, ինչ-որ «պողպատե մանդատից» էր բարբաջում: Զոռով-շառով, խոտհնձիչով, մուկուչյանով-միլպետով-բանով շիշը խփեց ծառին, ասել է, թե՝ վերընտրվեց Հայաստանի չգիտես, թե՝ ինչապետ:
Հայաստանի կործանման ու հայության բնաջնջման երդում կերած «կառավարության» վերջին նիստում այդ մուրճ ճոճողը երկար-բարակ ճառ արտասանեց, որի մեծ մասը նվիրված էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանն ու այդ խաղաղապահների մանդատին: Բոլորին էլ տեսանելի է, համենայն դեպս՝ տիրապետող տպավորությունն այն է, որ ռուսական խաղաղապահ ուժերը ձգտում են հնարավորինս չներքաշվել այս օրերին ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բեկորների դեմ հրահրած մարտական գործողությունների մեջ: Դրանից, պարզ բան է, ադրբեջանական թուրքերն ավելի են ոգևորվել ու ձգտում և ձգտելու են ուժեղացնել ռազմական ճնշումը:
Իսկ ո՞վ լինի նրանց տեղը, որ չմտածի դրա մասին, եթե Արցախից ափալ-թափալ դուրս են բերվում ՀՀ-ից զորակոչված (դեռևս 2020-ին, պատերազմից առաջ) վերջին զինվորները, եթե ՀՀ իշխանություն համարվող բյուջեալափ խմբոնը Արցախի հայությանը մեն-մենակ է թողել ցեղասպան թուրքի դեմ, եթե Արցախի ղեկավար է դեռևս համարվում Նիկոլ Փաշինյանի հետ «պասերով» խաղացող հայտնի սրճասերը, եթե Հայաստանում չեն ձևավորվում հազար-հազարավորների կամավորական գումարտակներ, եթե, եթե, եթե…
Բայց հարց է ծագում. առհասարակ, Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, ի՞նչ տեղ ունի նա՝ որևէ մեկի մանդատի կամ այդ մանդատով ինչ-որ բան չանելու մասին խոսելու համար: Իբր, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնը, որպես ՀՀ իշխանություն ի՞նչ են արել՝ թուրքական շահերն սպասարկելուց բացի, որ դեռ մի բան էլ օտարազգի ինչ-որ խաղաղապահների վրա մուննաթ գան:
Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանն ու իր «թիմը» համալրել է Արցախի ՊԲ սպառազինությո՞ւնը, բարձրացրել է պաշտպանունակությո՞ւնը, նորակոչիկներին հորդորել է ժամկետային ծառայության մեկնել Արցա՞խ, ուժեղացրել է կամ որևէ կերպ նպաստե՞լ է Արցախի հայության պաշտպանունակության բարձրացմանը:
Ինչի՛ մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանի «իշխանությունը» դրսևորվել է որպես բացարձակ անկարող անգամ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հարցում, էլ ուր մնաց՝ աջակցեր Արցախին, որից պաշտոնապես ու գործնականում հրաժարվել է՝ Տեղ գյուղից արևելք ընկած տարածքը հռչակելով որպես ադրբեջանական տարածք:
Հասկանալի է, որ ռուսական խաղաղապահների դեմ նիկոլական վերջին մուննաթների հիմնական նպատակներից մեկը այստեղից ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու թուրքական ծրագրերն սպասարկելն է:
Թե ինչ են անում կամ ինչ չեն անում ռուսական խաղաղապահ ուժերը Արցախում, առանձին հարց է: Տվյալ դեպքում հարցն այն է, թե ՀՀ իշխանություն համարվող խմբակը Արցախի ու Արցախի հայերի դեմ իր ամեոբիկ «ասիչների» միջոցով ատելության քարոզ խրախուսելուց զատ, ի՞նչ է արել:
Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակներից մեկին, այսինքն՝ Արցախի հարցի լուծումը բավարում է թուրքերին, ադրբեջանական թուրքերին ու մի քիչ էլ՝ ռուսներին (այնքան, որքան իրենց պետք էր):
Բա հայե՞րը, միգուցե հարցնի մեկնումեկը: Ի՞նչ հայեր, հայերն ովքե՞ր են, այն որ Արցախն ու Հայաստանը աղետած Նիկոլ Փաշինյա՞ն են հանդուրժում: Իրո՞ք:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը