ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամն Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն այսօր անակնկալ էր արել. թուրքագիտական, մասնագիտական գրքերի մի ողջ փունջ պատրաստել է ուղարկելու իր ուսանողին, որդուս՝ Տարոնին, որպեսզի բանտում շարունակի ուսումը։
Այլ հարց է, որ ԵՊՀ ռեկտորին դիմում էի ներկայացրել, որ այս դավաճան իշխանության դեմ պայքարի պատճառով որդիս գտնվում է անազատության մեջ, թույլ տալ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները հանձնի հեռավար։ Բայց անակնկալ մերժում ստացա, քանի որ ռեկտորատը պատճառաբանել է, թե նման կարգ չունեն։ Ուսում ստանալու սահմանադրական կարգի մասին երեւի տեղյակ չեն, տեղյակ չեն, որ շատերն են համալսարաններ ավարտում բանտում նստած։ Թերեւս դատական կարգով բողոքարկենք այդ մերժումը, որն անգամ բանտային ծառայողների համար էլ էր անակնկալ։
Բայց մինչ այդ, անազատությունը նաեւ կրթության լավ հնարավորություն է։ ՈՒ մեր բոլոր տղերքն էլ՝ Արսենը Մարտոյանը, Գոռը Մաթեւոսյանը, Գեւորգ Մուրադյանը, Տարոնն ու Գոռն այս ամիսներին անդադար գրքերի պահանջ էին դնում։ Ցանկը երկար է. Ռուբեն Տեր Մինասյանի հատորներից մինչեւ քաղաքագիտություն՝ Մաքիավելի ու Քիսինջեր։ Իսկ Ռուբեն Մելքոնյանը մի ամբողջ թուրքագիտական գրադարան է պատրաստել։ Այսօր նրա գրառումը մեկ պահ ինձ շուրջ երկու տասնամյակ ետ տարավ։ Նորից բանտ, ուր պատրաստում էի գիտական ատենախոսությունս կամ, ավելի ճիշտ, քաղաքական պատճառով ասպերանտուրայից դուրս էի մնացել, բայց թուրքագիտությունը չէր դադարել իմը լինել։ Նոթագրումներ, կոնսպեկտներ, տարբեր ուսումնասիրություններից ծաղկաքաղ։ Անգամ համարձակվեցի պանթուրքիզմի կնքահայր Զիյա Գյոքալփի Türkçülüğün Esasları գրքի հայերեն տարբերակը թարգմանել սկսել։ Պարզվեց բանտերում Մանուկյանները թուրքագիտությունը շարունակելու են։ Շնորհակալ եմ Ռուբեն Մելքոնյանից նման թանկարժեք նվերի համար։ Իսկ Գոռ Սարգսյանին էլ հետաքրքրում են հասարակագիտական, քաղաքագիտական հետազոտություններ, դաշնակցական գրականությունը երկուսին էլ պետք է։ Կսպասեմ նոր համալրումների։
Ի դեպ, ժամանակակից հայ արձակն էլ բավականին սիրով է ընդունվել տղաների կողմից։ Հատկապես Աբել Միքայելյանի վեպերը հաճույքով են ընթերցվում։ Իսկ լուսանկարում նաեւ իմ գրադարանից մերոնց պարբերաբար ուղարկված գրքերն են, ու նաեւ բանտարկության օրերին նվեր ստացածները։ Մեկը՝ Դիարբեքիրի բանտի մասին հատկապես շատ թանկ է։ Այնտեղ կալանք անցկացրած քուրդ տղերքից մեկն է տվել։ Կոչվում է՝ Դիարբեքիրի լուսաբացը։ 96-ին նվեր ստացած գրքից հետո, արդեն փակված բանտում բախտ ունեցա լինել 2011-ին։ Այս գրառումն անելիս, հիշեցի, որ 90-ականներին բանտից տուն ուղարկված նամակներիս մեջ մնացել է նաեւ ծնողներիցս գիրք ուզելու գրություն, որի լուսանկարն էլ եմ հրապարկում։ Այն ժամանակ Ռուբեն Մելքոնյաններ չկային, որ ինձ գիտելիքով զինեին։ Ստիպված միայն իմ անձնական գրադարանից էի օգտվում։ Իսկ ուզածս գրքերից մեկը՝ Գարեգին Խաժակի «Ի՞նչ է ազգությունը» գիրքը տանը չէ։ Որքան հիշում եմ տարիներ առաջ տվել եմ Դավիթ Խաժակյանին։ Պատահաբար, դեռ 2013, 2014-ին, ԴԵՄ եմ շարժման օրերին պարզեցինք, որ 20-րդ դարի սկզբի ականավոր ձախակողմյան դաշնակցական տեսաբան Գարեգին Խաժակը նրա պապու եղբայրն է։ Ի դեպ՝ գյումրեցի։ ՈՒ վերջում։ Համոզված եմ՝ Տարոնն ու Գոռը, մեր բոլոր բանտարկված ընկերները հաղթելու են։ Իրենց կամքով, գաղափարականությամբ, նվիրվածությամբ ու հայրենասիրությամբ։ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԵՆ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը