01 08 2022

Ինչու՞ չպատժվեց Փաշինյանը, և ինչու՞ է կալանավորված Գերասիմ Վարդանյանը. Yerkir.am

Ինչու՞ չպատժվեց Փաշինյանը, և ինչու՞ է կալանավորված Գերասիմ Վարդանյանը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Oգոստոսի 2-ին շարունակվելու է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանիգործով դատական քննությունը՝ վերստին ստիպելով բարձրացնել մի շարք հարցեր:

Մասնավորապես, ինչու՞ 2018-ին Հանրային ռադիոտուն ներխուժած, պետական գույքը ջարդուփշուր արած, ռադիոեթերը խափանած ու նույն պահին ուղիղ եթեր մտած Փաշինյանն ու իր խմբակի ներկացուցիչները որևէ, կրկնում ենք, որևէ պատասխանատվություն չկրեցին թե՛ այդ պահին, երբ իշխանության էր Սերժ Սարգսյանը, թե՛ հետագայում՝ արդարությունից ճամարտակող Փաշինյանի իշխանության օրոք:

Ինչու՞ է կալանքի տակ գտնվում և հալածանքների ենթարկվում Գերասիմ Վարդանյանը, ով, ուշադրություն, չի մտել «Ազատություն» ռ/կ-ի տարածք, չի վնասել ռադիոկայանին և բիզնես կետրոնին պատկանող որևէ գույք, չի հարվածել կամ վնասել որևէ անձի, չի խափանել եթերը  և այսպես շարունակ: Վկա՝ քրեական գործի նյութերը, որտեղ այդ ամենի մասին չկա ոչինչ:

Վերստին հարցնենք՝ ինչու՞ է կալանքի տակ պահվում չարաբաստիկ նոյեմբերի 10-ի գիշերն ընդամենը «Էլիտ պլազա» բ/կ այցելած և աղմուկի պահին միջանցք դուրս եկած «Ազատություն» ռ/կ-ի աշխատակիցներին իր արդարացի զայրույթն ու դիրքորոշումն արտահայտած Գերասիմ Վարդանյանը:

«Ինչու՞»-ների շարքը, բնականաբար, կարող ենք շարունակել՝ ինչու՞ որևէ մեկը չպատժվեց, չձերբակալվեց և «մասկի շոու»-ների միջոցով բերման չենթարկվեց, երբ օրը ցերեկով հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա,իսկ ձևականորեն հարուցված քրեական գործը մի քանի ամիս անց կարճվեց: Ինչու՞ չպատժվեց ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, ով 2022 թ. մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ, և այս դեպքով ոչ միայն ծառայողական քննություն չնշանակվեց, այլև քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել և որոշել է քրեական գործ չհարուցել:

Տրագիկոմեդիան ամբողջական կդառնա, եթե փաստենք նաև, որ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործը «հանկարծակի» հիշեցնել տվեց իրեն, իսկ նրա, ինչպես նաև գործով մեղադրյալներ՝ «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանի ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանի կալանավորման մասին միջնորդությունները դատարաններ ներկայացվեցին դեպքից, ուշադրություն, շուրջ 1,5 տարի անց՝ այն դեպքում, երբ այդ ողջ ընթացքում Գերասիմ Վարդանյանին ու մյուսներին անգամ պատշաճ հարցաքննության չեն հրավիրել: 

Այսքանից հետո՝ ի՞նչ անվանել երկու անչափահասի հայր, հաշմանդամ եղբոր ու վատառողջ ծնողների միակ կերակրող Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվողը. փաշինյանի անձնական վրեժխնդրությու՞ն, մեկ անձի քմահաճույքներով ընթացող դատավարությու՞ն, իրավական համակարգի տոտալ արժեզրկու՞մ, քաղաքական հալածա՞նք, թե՞ բոլորը միասին վերցրած:

Եվ, վերջապես, ցանկալի կլիներ իմանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի անձնակազմն ի՞նչ կարծիք ունի այս ամենի առնչությամբ, ինչու՞ հանդես չի գալիս հատուկ ռեպորտաժներով, ինչը, սակայն, չէինք ասի այլ դեպքերում: Արդյո՞ք ռ/կ-ի համար ևս դատապարտելի են Գերասիմ Վարդանյանի հանդեպ կիրառվող խայտառակ հալածանքները, խտրականությունն ու երկակի ստանդարտները, թե՞ այս մի դեպքում «Ազատության» լռությունը համարենք Փաշինյանի ընտրովի արդարադատության հետ ուղիղ համաձայնության նշան:

Վահե Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ