NEWS.am-ը գրում է․ Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, գնալու է բացառապես իր օրակարգով, մեր մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր աղմուկ հանած հայտարարությանը, թե ընդդիմությունը սեպտեմբերին իր օրակարգով վերադառնալու է Ազգային ժողով:
«Մեր օրակարգը շատ հստակ է՝ Հայաստանի անվտանգությունը եւ Արցախը: Մենք այլեւս չենք պատրաստվում այլ օրակարգով լինել խորհրդարանում: Ակնհայտ է, որ ԱԺ-ում կա խորհրդարանական ճգնաժամ: Մենք չենք խուսափելու անհրաժեշտության դեպքում խորհրդարան վերադառնալուց, ինչպես հունիսի 3-ին էր, երբ մենք մեր օրակարգով գնացինք խորհրդարան, եւ բացակա էր քաղաքական մեծամասնությունը: Մենք որեւէ կերպ կաշկանդված չենք, երբ նպատակահարմար կգտնենք մեր ձեւավորած օրակարգով գնալ խորհրդարան, մենք կգնանք, բայց դա չի ենթադրում, որ մենք ունենք որոշում, որ այլեւս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը եւ վերադառնալու ենք խորհրդարան»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց բոլոր նախաձեռնությունները մերժվել են քաղաքական մեծամասնության կողմից:
Նա ընդգծեց, որ ԱԺ աշխատանքը բոյկոտելու պահանջը ձեւավորված է իրենց ընտրողների կողմից. «Այն, որ ասում են՝ ընտրողները ձեզ քվե են տվել, որ գնաք, աշխատեք, ընտրողները մեզ տվել են օրակարգ այս իշխանություններին հեռացնելու, ուժեղ ու անվտանգ Հայաստան կերտելու համար։ Այդ օրակարգը մենք պարտավոր ենք սպասարկել՝ լինի ԱԺ-ում, թե դրանից դուրս»,-ասաց Սաղաթելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը