22 07 2022

ԱԺ «ստիպված» պիտի գնամ Մարուքյանի պատճառով կամ ինչ պետք է արգելել հատուկ հանձնարարություններով դեսպանին․Գեղամ Մանուկյան

ԱԺ «ստիպված» պիտի գնամ Մարուքյանի պատճառով կամ ինչ պետք է արգելել հատուկ հանձնարարություններով դեսպանին․Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամն Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Կարծես ես, ի վերջո, սեպտեմբերին գնալու եմ խորհրդարան՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Խոսքը վերաբերում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ին, որը սահմանում է հատուկ հանձնարարություններով դեսպանի անելիքներն ու պարտականությունները։ Առաջարկելու եմ, որ ներկայումս գործող հոդվածում հավելվի ենթակետ։ Այսօր օրենքը սահմանում է, որ «…Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք»: 

Թերեւս, լրացում առաջարկեմ այս հոդվածում հետեւյալ բովանդակությամբ.

«Հատուկ հանձնարարություններով դեսպանին արգելվում է՝

- իրեն համարել նշանակողի ստրուկն ու ամեն մի ասած հիմարությունը փորձել արդարացնել սոցցանցերում, հարցազրույցներում ու ելույթներում։

- Միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերից դուրս անպոչ գդալի պես ամեն վայրկյան ներքաղաքական հարցերում չընկնել ոտքի տակ՝ շեֆին դուր գալու մոլուցքով։

- Հատուկ հանձնարարությունների դեսպանի ընկերական կամ կուսակցական շրջանակը պարտավորված չէ ամեն մի արտասանած անհոդաբաշխ միտքն արագ տարածել ու առավել անմիտ, հերթական միտքն արտահայտել, անգամ եթե մեծ մասին հատուկ հանձնարարություններով դեսպանը քծնանքով եւ շեֆի բարեգթությամբ տեղավորել է պետական համակարգում աշխատանքի կամ ինչ-որ բան է տվել։

- Հատուկ հանձնարարություններով դեսպանը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, եւ ոչ թե՝ թշնամական պետությունների շահերին, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան»։

Ի՞նչ կարծիքին եք։ Անե՞մ այս փոփոխությունները։ Նախկինում այս կետերը տեղ չեն գտել օրենքում, քանի որ չեն պատկերացրել, որ նման կարգավիճակ կարող է ստանալ Էդմոն Մարուքյանը, որը հետեւողականորեն հայտնվում է Փաշինյանին կրծքով պաշտպանողների ավանգարդում ու, անկախ թեմայից, պարտադիր փորձում է արդարացնել իր շեֆին։ Առիթն այսօրվա նրա գրառումն էր, թեեւ միտքը վաղուց կար, երբ Մարուքյանն ամեն անգամ փաշինյանական զրահաբաճկոն էր դառնում՝ արդարացնելու զիջումները, նահանջները, հակաժողովրդավարական քայլերը, բռնությունները։ Այսօր նա հանկարծ հիշել է, թե Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք է պաշտպանել արտասահմանում։ Որեւէ բառ չի ասել, թե ինչու հանկարծ նման միտք մոտը ծնվեց։ Թերեւս չի համարձակվել Հայաստանի Հանրապետության տարածք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայության կարեւորագույն ներկայացուցիչների մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու մասին իշխանության անհեթեթ հիմնավորմանն ուղիղ անդրադառնալ, բայց դե չգրված իր պարտականությունների շրջանակում պարտավորված է եղել հիմարագույն այդ որոշումն արդարացնել։ Նրա արտահայտած մտքերին չեմ անդրադառնա խորքային, քանի որ ժամանակն է ափսոս։

Բայց մարուքյանական այս վարքի մասին կա պարսկական մի պատմություն. հարյուրամյակներ առաջ, պարսից գահընկեց եղած շահը վերադառնում է իր գահին ու հրամայում պալատական պարուհիներից միայն մեկին կախաղան հանել։ Այս աղջնակն էլ վերջին հույսով ընդվզում է, թե շահի բացակայությամբ բոլորն էլ պարում էին։ Շահի պատասխանը կարճ էր՝ բայց դու դավադիրների համար լաաավ էիր պարում։ Այնպես որ, լավ պարելը Մարուքյանին չի ներվի։ (Սա բռնության ու վրեժխնդրության կոչ չի)։

Մարուքյանն արդեն իր մեծագույն պատիժը ստացել է։ Ողջույններ Արցախի մայրաքաղաքի շուկայի արժանապատիվ տիկնանցից…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ