Թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են պատերազմում իրենց ձեռք բերած դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով այսօր Թբիլիսիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Ակնհայտ է, որ Ալիեւը շտապում է, առհասարակ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են պատերազմում իրենց ձեռք բերած դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե, փաստաթղթավորեն իրենց հաղթանակը, որովհետեւ հասկանում են` երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, էլ այդ լեզվով չեն կարող խոսել Հայաստանի հետ, հետեւաբար այս բոլոր քայլերն ու գործողությունները արդ շրջանակում է»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթացին` Սաղաթելյանն ասաց, որ ո΄չ իշխող ուժն է իրենց բերել խորհրդարան, ո΄չ էլ իշխող ուժը կարող է իրենց մանդատներից զրկել. «Մենք մեր քայլերում հաշվի չենք առնում իրենց կարծիքը, մենք շատ հստակ ձեւակերպել ենք մեր դիրքորոշումը, մենք խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով, դա ձեւակերպել ենք եւ այդ մասին բազմիցս հայտարարել ենք, մնացած բոլոր պարագաներում ես բացառում եմ: Մեզ հետ սպառնալիքներով, մանդատից զրկելով, չգիտեմ ինչերով չեն կարող, մենք բանի տեղ չենք դնում, քանի որ մեր երկրի օրակարգն ու մարտահրավերը դա չէ»։
Այն, որ իշխանությունը սրտատրոփ ձեւեր է փնտրում իրենց մանդատից զրկելու համար, ըստ Սաղաթելյանի, պատասխան է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ մանդատները վայր դնելով՝ ավելի վնաս են տալու իշխանությունը. «Այս պահին մանդատները վայր չդնելը, ես կարծում եմ, ամբողջությամբ ճիշտ է ու հիմնավորված»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը