Սիրելի՛ հայրենակիցներ.
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ:
Այս անգամ թիրախում է «Hayeli. am- Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով:
Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ:
Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ:
Նման հալածանքների են ենթարկվել Հ 2-ը, <<Երկիր-մեդիա>>-ն, <<5-րդ ալիք>>-ը, <<168.am>> -ը, և ցանկը շարունակելի է:
Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ;
Փաստորեն այս մեթոդներով է <<ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի>>:
Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ.
- մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը,
- ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն,
- այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ:
Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝
ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից:
<<Պահեստազորի սպաներ>> շարժում
<<Ձայն հայրենեաց>> մշակույթի գործիչների շարժում
<<Հայրենիքի վահան>> պահեստազորի սպաների ՀԿ
<<Հայ ազգային գվարդիա>> ՀԿ
<<Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն>> ՀԿ
<<Իրավունքի և արժեքների գերակայություն>> ՀԿ
<<Վերադարձ>> հիմնադրամ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը