ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան ալիքում գրել է․
«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:
Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ իշխող մեծամասնությունը 66 կողմ ձայնով Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոններից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը